«Մոնոպոլիայի խնդիրը քաղաքական եւ տնտեսական իշխանության միաձուլումն է». Ա. Դարբինյան (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նորմալ է գնահատում արտագաղթը։ «Մարդիկ, որոնք արտագաղթում են, հասնում են հաջողությունների այլ երկրներում: Ուրեմն, այդ արտագաղթը արդարացված է, այդ թվում նաեւ մեզ համար, քանի որ մենք ունենում ենք հաջողակ, բարգավաճ, հարուստ, լավ կլինի նաեւ` խելոք, որ լինեն հարուստները, հայրենակիցներ: Իսկ ահա ի տարբերություն արտագաղթողների, պարոն Դարբինյանի գնահատմամբ՝ հայրենի կառավարությունը ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, երկրում փորձում է իրագործել իրենց հնարավորությունների մաքսիմումը: Սակայն կա մեկ նկատառում։ «Ես գաղափարական եւ պրոֆեսիոնալ կառավարման կողմնակից եւ ոչ քաղաքական: Այսօր ընտրված է քաղաքական կառավարման մեխանիզմը, որը իմ կարծիքով մեզ նման երկրների համար շռայլություն է: Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ կառավարում եւ գաղափարական թիմ: Սա է իմ մոդելը»,- ասում է Արմեն Դարբինյանը: Նախկին վարչապետը պարբերաբար կրկնում էր, որ ինքը որեւէ մեկին փնովել չի սիրում, առավել եւս ճիշտ չէ Հովիկ Աբրահամյանին այս պահին քննադատելը «Գնահատել նրա հաջողության աստիճանը, դեռ վաղ է: Մենք պետք է սպասենք մի որոշ ժամանակահատված` տնտեսական վիճակը երկրի լավ չէ, ցուցանիշները վատն են, եւ իհարկե, վատ ցուցանիշներով հաջողակ լինել հնարավոր չէ»: Վատ ցուցանիշների հիմնական պատճառը ոլորտի մասնագետների գնահատմամբ` մենաշնորհային տնտեսությունն է: Արմեն Դարբինյանը խնդրի լուծման իր տարբերակն ունի, միայն կոչ է անում` որպես մենաշնորհի օրինակ անընդհատ շաքարավազի շուկան չմեջբերել. «Շաքարն անիմաստ խոսակցություն է: Բոլորը խոսում են շաքարի մասին, մոնոպոլիայի հիմնական խնդիրը քաղաքական եւ տնտեսական իշխանության միաձուլումն է»: Պարոն Դարբինյանին մտահոգում է «Նաիրիտ» գործարանի խնդիրը. «Խնդիրն այն չէ, որ պարտք կա, խնդիրն այն է, որ ոչ էֆեկտիվ կառավարման հետեւանքով մենք չգիտենք` ապագան ինչ է լինելու այդ գործարանի»: «Նաիրիտ» գործարանի հետ տեղի ունեցածը նախկին վարչապետը համարում է ամենաառեղծածայինը ու անհասկանալին: