«Ոնց հասկացա՝ դուք Սերժ Սարգսյանի պաշտպանն եք». Արամ Մանուկյանը՝ դատարանում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը պնդում է, որ իր դեմ հարձակում կատարած «գործիքի» կողքին պետք է նստած լինեն նաեւ պատվիրատուները։ Այսօր դատարանում Արամ Մանուկյանը պատմեց նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին իր տան շքամուտքի մոտ տեղի ունեցած դեպքը՝ նշելով, սա կազմակերպված ահաբեկչություն է եղել, քանի որ հարվածել են ԱԺ պատգամավորին։ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այլեւս չի մասնակցելու դատավարությանը եւ որեւէ նյութական պահանջ չունի ամբաստանյալից։ Մեղադրյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը Արամ Մանուկյանին այսօր հարցրեց՝ «հնարավո՞ր է դուք Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյանք եք հնչեցրել, որովհետեւ անմեղ մարդուն անտեղի չեն հարվածում»։ Դատավորը հանեց հարցը, իսկ Արամ Մանուկյանը հակադարձեց. «Ոնց հասկացա՝ դուք Սերժ Սարգսյանի պաշտպանն եք»։ Դատավոր Լեւոն Ավետիսյանի հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ հաշտվել ամբաստանյալի հետ, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ես պատվիրատուի հետ եմ անհաշտ»։ Սակայն որեւէ անուն չնշեց, թե ում է կասկածում։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ հետագայում Արամ Մանուկյանի ու նրա ներկայացուցչի՝ դատական նիստերին մասնակցելու հարցը քննարկելու համար։ Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի վրա հարձակման համար կասկածվող Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հոդվածով։