Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը Վճռաբեկը վարույթ չի ընդունել
Վճռաբեկ դատարանը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ գործով անցնող մյուս 12 անձանց պաշտպանների բողոքը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից, Վճռաբեկ դատարանը ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սեւակ Մնացականյանի, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ալեք Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ներկայացված ամբաստանյալների պաշտպանների բողոքը մերժել է։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Հիշեցնենք, որ նրանք մեղավոր էին ճանաչվել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։Նրանք դատապարտվել էին տուգանքից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ Պաշտպանները միջնորդել են կամ նրանց արդարացնել կամ գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։