«Շանգալում եզդի կանանց ու աղջիկներին տանում են ստրկավաճառության» (տեսանյութ)
«Եզդիական ջոկատները սկսել են դիմագրավել այսպես կոչված Իսլամական պետությանը»,-հայտնել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը՝ խոսելով վերջին շրջանում Շանգալ նահանգում տեղի ունեցող վայրագություններից։ Ասում է՝ դա իրենց բնօրրանն է, եզդի ժողովուրդն ապրել, արարել է այդ հողի վրա ու կապրի: Պարոն Շարոյանի խոսքով՝ 2014 թվականի օգոստոսից մինչև այժմ գերության մեջ պահվող եզդիների թիվը հասնում է 6000-ի։ «Կանայք հիմնականում պահվում են ստրկության մեջ: Որոշները սկսել են փախչել, և դրա պատճառով ոճրագործները նրանց ազգակիցներին սպառնում են մահապատժով: Ընդհանուր առմամբ, սպանել են 47 եզդու»,-ցավով նշել է եզդիների ազգային միավորման նախագահը: Ասում է՝ կանանց ու աղջիկներին տանում են ստրկավաճառության՝ հպարտանալով, որ 21-րդ դարում ստրկավաճառություն են վերահաստատել: Պարոն Շարոյանը կարծում է, որ եզդի ժողովրդի ցեղասպանությունն աննկատ է անցել: «Նախկինում միայն կրոնի համար էին սպանում եզդիներին, հիմա նաև Շանգալը եզդիներից մաքրելու նպատակն են հետապնդում»,-շեշտել է նա: «Միդիա-Շանգալ»-ի ղեկավարը դիմել է վարչապետին ու արտգործնախարարին, ինչպես նաև՝ եվրոպական կառույցներին՝ օգնության խնդրանքով: Հույս ունի, որ կհաջողվի առաջիկայում իրավիճակը փոխել։