Քամին քշել է տանիքները, հոսանքազրկել՝ գյուղերը
Երեկ երեկոյան ուժեղ քամին վնաս է հասցրել Սիսիանի շրջանի Անգեղակոթ եւ Իշխանասար գյուղերի բնակելի տների, անասնագոմերի, խոտի ամբարների տանիքներին:
Քամուց զգալի վնաս է կրել Անգեղակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը: 230 աշակերտ ունեցող դպրոցում փուլերով նորոգման աշխատանքն իրականացվել է 2008-ից մինչեւ 2013 թավականը: Քամուց վնասված տանիքը նորգվել էր մոտ 10 տարի առաջ:
Այժմ, մի մասնաշենքի տանիքը հիմքից պոկված է, այն ամրացնել հնարավոր չէ, հարկավոր է փոխել։
-Հետեւանքը պետք է անհապաղ վերացնել, այլապես եթե անձրեւներ սկսեն, ջուրը ներս կլցվի եւ ամբողջությամբ կփչացնի նորոգված դասասենյակները,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը:
Քամուց վնասված թիթեղն այլեւ օգտագործման պիտանի չէ, անպիտան են նաեւ տանիքի ամրության համար օգտագործված փայտերը:
Նման ուժգնության քամիներ Անգեղակոթում չեն հիշում:
-Ամսի 30-ի առավոտից հենց վատ եղանակ էր, շատ տաք էր, գոլորշին երկինք էր բարձրանում: Օրվա կեսից եղանակը փոխեց քամիներ սկսեցին: Արդեն երեկոյան քամին ուժգնացավ, սկսեց գազանի նման ոռնալ, փոշի բարձրացավ, վախից տուն փախանք: Երբ ամեն բան հանդարտվեց տեսանք, որ քամին կտուրից մի քանի շիֆեր է պոկել տարել,- ասում է Անգեղակոթի բնակիչ Երինոս Գեւորգյանը:
Անգեղակոթից մոտ 11 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Իշխանասար գյուղում էլ է քամին ավերածություններ կատարել: Ագապի Մնացականյանի ընտանիքը այս գյուղի 25 տարվա բնակիչ է: Ուժեղ քամի էր, ասում է, սկզբում մտածել են, թե երկրաշարժ է, դուրս են վազել ու տեսել տունն առանց «կռիշի»:
-Քամին էնքան ուժգին էր, որ թափով տան կռիշը վերցրավ շպրտավ: Տնից դուրս եկանք, տեսանք փետախառն տանիքը գետնին տապալված: Զարմանքը մեզ տարավ: Փոթորիկ էր, փաստորեն,- նշում է կինը:
Իշխանասարում քամին վնաս է հասցրել 6 տնտեսության, տեղեկացնում է Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրմանատար Գարիկ Հովսեփյանը: 20 եւ ավելի մետր վայրկյան ուժգնության քամին կարող էր այսպիսի ավերածությունների պատճառ դառնալ, եզրակացնում է փրկարար ծառայության կապիտանը։
Ուժեղ քամուց որոշ ժամանակով երկու գյուղերն էլ հոսանքազրկվել են:
Արմեն Հովակիմյան, Սիսիան