«Ս. Սարգսյանը վստահեցնում էր, թե պիտի նոր էներգաբլոկ կառուցվեր, իա իրո՞ք» (տեսանյութ)
Թանկացնելով էլեկտրաէներգիայի սակագինը՝ կորցնում ենք սպառողին. «Վերջ, սա է մեր էներգետիկ հեքիաթը»,- այսօր ԱԺ-ում սրտնեղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՀԱԿ-ը դեմ չէ վարկային համաձայնագրին ու ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը, սակայն եթե շարունակվի սպառողի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, ապա գազի ու էներգետիկ համակարգը ձեռից կգնա. «Սպառողի շահը չկա բացարձակ: Կառավարության անփույթ վերաբերմունքը տեսեք ուր է հասցրել: Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, թե 2018թ. պիտի նոր էներգաբլոկ կառուցվեր, իա իրո՞ք: էհ, ժողովուրդ, ներվեր է պետք դիմանալու համար: Ատոմակայանն առաջին հերթին ստրատեգիական խնդիր է, հետո էներգետիկ, ապա ՝ գիտական: Ունենալով ատոմակայան՝ տարածաշրջանում դու գործոն ես, խաղացող ես: Այո, ճիշտ է, 1990-ականներին գործարկելով ատոմակայանը, դա ֆրոնտ էր, որ ատոմակայանը աշխատեց ու նամուսով դուրս եկավ»: Ըստ նրա՝ գազը, արեւը, քամին հոսանքի փոփոխական աղբյուր են, մինչդեռ ատոմակայանինը ստաբիլ է ու այդ առումով առավելություն ունի. «Հիդրոակումուլյատորների ստեղծման ծրագրի մասին մտածեք: Գերմանիան ու Ավստրիան դա օգտագործում են, ու այլեւս ավելցուկ էներգիա չի լինի: Սա հրաշալի տարբերակ է էներգետիկ բալանսավորման համար»: