Թուրք լրագրողներն արտասվել են ցեղասպանության թանգարանում

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցի ժամանակ Ռուսաստանի նախագահին 1918 թվականի մայիսյան հերոսամարտի դեպքերն ավելի շատ հետաքրքրեցին, Ֆրանսիայի նախագահին՝ Մուսա լեռան հերոսամարտի հատվածը, որտեղ նավը ֆրանսիական ձևով է պատրաստված»,-պատմում է թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Փորձել են նյութերն այնպես ներկայացնել, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ, այցելելով այնտեղ,գտնի իր ազգի, իր երկրի հետ կապող որևէ փաստ: «Թանգարանն ավելի մարդակենտրոն է դարձել, նախկինի պես մեծ թվեր չեք տեսնի այնտեղ, այլ առանձին մարդկանց դեպքեր: Թուրք լրագրողները նույնիսկ արտասվեցին, երբ տեսան որբերին նվիրված սենյակը, դա ազդեց նրանց վրա»,-նշում է պարոն Մանուկյանը: Թանգարանում 50 խորագիր կա, և այդ ամբողջը տեսնելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ: Թուրք լրագրողներն ուսումնասիրել են ամբողջ թանգարանը, որը տևել է 1 ժամ 40 րոպե: Ներկա է եղել նաև մոտ 60 արաբ լրագրող, որոնք նույնպես բարձր ձայնով արտասվել են՝ տեսածից ազդված: Թանգարանը հարստացել է նաև օրիգինալ նյութերով, փաստաթղթերով: Առկա է նույնիսկ է 1910-ականներին թուրքերի կողմից կիրառվող գույքի բռնագրավման օրենքը: Դրան թուրք լրագրողները չեն հավատացել, ասել են՝ սուտ է, բայց իրենց անմիջապես ցուցադրել են փաստաթուղթը, և այլևս ոչինչ չեն կարողացել ասել: Կա նաև աուդիոգիդ՝ 7 լեզվով, և սա հնարավորություն է տալիս միայնակ շրջել ու տեղեկություն ստանալ ցանկացած խորագրի ու նյութի վերաբերյալ: Ներկայացված է նաև ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի օրագիրը, որտեղ գրված առաջին միտքն է. «Այսօր երջանիկ օր է»: Դա Թեհլերյանը գրել է բանտում՝ Թալեաթ փաշայի հետ հաշվեհարդարից հետո: Երկու օր առաջ Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է անցկացվել, 150 օրիգինալ նյութ է ուղարկվել այնտեղ թանգարանից: Նույն նախաձեռնությունն ապրիլի 20-ին Ռուսաստանում է եղել: «Իսկ մայիսի 8-ին արդեն ԱՄՆ-ում է ցուցադրություն նախատեսված: Հուլիսին էլ մոտ 300 ցեղասպանագետ ամբողջ աշխարհից կգան Հայաստան՝ մասնակցելու մեծամասշտաբ գիտաժողովի»,-վերջին նորություններն է հայտնել ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը: Պարոն Մանուկյանը նաև շեշտել է, որ ցանկալի չէ փոքրիկ երեխաներով այցելել թանգարան, քանի որ դաժան լուսանկարներ կան: «Բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել թանգարանի վերազինման համար: Ստեղծվել է Ծիծեռնակաբերդ հիմնադրամ՝ նախագահի ղեկավարությամբ, և մի շարք կազմակերպություններ ներդրումներ են արել: Աշխատակիցներն էլ հրաժարվել են իրենց տրամադրվող հավելավճարից»,-եզրափակել է թանգարանի փոխտնօրենը: