Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

France 24-ն այսօր ուղիղ հեռարձակումներ է կազմակերպելու Երևանից

Քաղաքականություն
france

France 24 հեռուստաալիքն այսօր պարբերաբար ուղիղ հեռարձակումներ է կազմակերպելու Երևանում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներից, ցուցադրելու է ֆիլմեր և հաղորդումներ։ Հեռուստաալիքի կայքէջում հրապարակում է զետեղվել, որը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։ Աշխարհասփյուռ հայությունն այսօր կհարգի Օսմանյան Թուրքիայում կոտորված 1,5 մլն հայերի հիշատակը։ Թուրքիան զանգվածային կոտորածները հրաժարվում է ճանաչել որպես ցեղասպանություն։ Այսօր հայերը երթ են կազմակերպում Ցեղասպանության զոհերի Հուշահամալիր, ծաղիկներ դնում հավերժական կրակի շուրջը։ Սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ են ժամանում Հայաստան, նրանք սերունդներն են այն մարդկանց, ովքեր տեղահանվել են իրենց հայրենիքից և սպանվել։ Այսօր ի թիվս այլ երկրների ղեկավարների ու պատվիրակությունների, Երևանում են լինելու Ռուսատանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիացի նրա գործընկեր Ֆրանսուա Օլանդը։ Տարբեր երկրների նախագահներ խուսափել են ներկա գտնվել Երևանում՝ չցանկանալով վտանգել հարաբերությունները Անկարայի հետ։ Հինգշաբթի օրը Հայկական եկեղեցու կողմից իրականացվեց «արտասովոր» արարողություն, երբ սրբադասվեցին ցեղասպանության 1,5 մլն զոհերը։ Ավելի քան քսան պետություններ ճանաչել են հայերի ցեղասպանությունը, այդ թվում նաև՝ Ֆրանսիան ու Ռուսաստանը, այդպիսով աջակցելով պատմաբանների կողմից տրված սահմանմանը։ Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը անվանեց Ցեղասապանություն, ինչը հարուցեց Անկարայի զայրույթը: Գաուկն ասել է, որ Գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, և «բոլորիս պարտականությունն է կիսել ցեղասպանության մեղքը»։ Գերմանիայի կողմից տեղակայված զիվորները մասնակցություն են ունեցել տեղահանումների պլանավորմանը և մասամբ իրականացրել այն։ Անկարան չորեքշաբթի օրը հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին՝ ի պատասխան Ավստրիայի կողմից ցեղասպանության դատապարտման և ճանաչման։ Թուրքիան, սակայն, հայտարարում է, որ սպանվել է 500,000 մարդ, ինչը պայմանավորված է եղել պատերազմով ու սովով՝ մերժելով օգտագործել Ցեղասպանություն բառը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է գնալ հեռու միայն այնքան, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ իրականացված այդ կոտորածն անվանի «սարսափելի կոտորածներ»։ Հիշատակման արարողություններ կիրականացվեն աշխարհի տարբեր հատվածներում՝ Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում և հայաբնակ այլ տարածքներում։ «Այդ ծանր տարիներին կանխամտածված ձևով սեփական հայրենիքից տեղահանվել և ցեղասպանության են ենթարկվել մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ»,- նախօրեին սրբադասման արարողության ժամանակ ասել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Նախկին Խորհրդային Հայաստանը և հայկական սփյուռքը տարիներ շարունակ պայքարում են, որ Համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հայերի կոտորածները Թուրքիայի կողմից ճանաչվեն, դատապարտվեն և անվանվեն ցեղասպանություն, սակայն, Օսմանյան կայսրության մոխիրների վրա ծնված այսօրվա Թուրքիան հրաժարվում է դա անել։ Ավելին, այս օրերին Թուրքիան կազմակերպել է Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներ։ Սա Սերժ Սարգսյանը համարել է միտումնավոր արված քայլ։ «Թուրքիան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Երևանում տեղի ունեցող միջոցառումներից»,-ասել է նա։