Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեֆիլյանի եւ կողմնակիցների համար վերջին խոսքը քրեական դատարանինն է». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
timthumb.php_2

Հանրապետական Լեւոն Մարտիրոսյանը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ռեժիմների միջեւ որեւէ նմանություն չի տեսնում, որովհետեւ, ըստ նրա, մենք քաղբանտարկյալներ չունենք։ Պատգամավորը համաձայն չէ նաեւ, որ երկու երկրներում էլ մարդիկ, ովքեր իշխանափոխության փորձ են ձեռնարկում, անմիջապես մեղադրվում են քրեական որեւէ հանցագործության մեջ. «Սեֆիլյանը ինձ թվում ա անտեղի օրինակ է, որովհետեւ եթե իշխանափոխություն նախաձեռնելը դա է, ապրիլի 24-ին ինչ-որ հիմարություններ ձեռնարկելը, իսկ դա հիմարություն է, եթե չասեմ անբարոյականություն, ապա դա իշխանափոխության փորձ չի հաստատ»։ Ըստ Լեւոն Մարտիրոսյանի, այնուամենայնիվ, իշխանափոխություն ձեռնարկողներից ոչ ոք հանցագործ չի հռչակվել, որովհետեւ դատարանը դեռեւս վճիռներ չի կայացրել։ Սակայն դատավճռով դատապարտվել են Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը. «Դրանք խուլիգանության համար դատապարտված են։ Եթե Շանթ Հարությունյանն է իշխանափոխություն իրականացնողը, շատ կներեք, ուրեմն արդարացի է, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել»։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նույնիսկ վիրավորվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ռեժիմները դրվում են նույն հարթության վրա՝ նույնիսկ եվրոպացիները նման զուգահեռներ չեն անցկացնում, մեզ մոտ ի վերջո խոսքի ազատության համար չեն ձերբակալվում. «Անկեղծ չէի ցանկանա, որ նույնիսկ զուգահեռներ լինելու դեպքում զուգահեռներ անցկացնենք, դա ճիշտ չի»։ Պարոն Սահակյանն էլ է կարծում, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա կողմնակիցների ձերբակալությունների համար վերջին խոսքը պատկանում է քրեական դատարանին, ձերբակալվածները կարող են բողոքարկել դատախազին, որ անօրինական են պահվում կալանքի տակ. «Այնուհետեւ եթե դա էլ չի բավարարում, դատական կարգով երեք ատյան մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում»։ Ըստ Հովհաննես Սահակյանի, դիցուք, Ժիրայր Սեֆիլյանի գործը հասարակության ուշադրության կենտրոնում է, մենք էլ Զիմբաբվե կամ աֆրիկյան որեւէ պետություն չենք. «Դուք կուզենայի՞ք, օրինակ, Զիմբաբվեում ապրեիք կամ աֆրիկյան պետությունում, որտեղ օրենքները մի քիչ թույլ են։ Մենք պետություն ենք, իրավական պետություն ենք»։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հիշեցնում է՝ Հայաստանի տիպի պետություններում իշխանության գալու միակ օրինական ճանապարհը Սահմանադրությունն է, որն ասում է՝ իշխանության գալիս են ընտրությունների ճանապարհով։