«Պարոն նախագահ, ես ձեզ հետ եմ». ԵԽ Գլխավոր քարտուղար
Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, որ հուզված է, քանի որ ինքը նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի երկրից է: Ըստ նրա՝ նոր նման ողբերգությունների կանխարգելման համար մենք պետք է ապրումակացենք նրանց, որոնք ապրել են այդ ողբերգությունը, որոնք իրենց կյանքի գնով են վճարել. «Ֆրիտյոֆ Նանսենը անկախ քաղաքականությունից անում էր այն, ինչ կարողանում էր ու փրկում էր մարդկանց: Դա լավագույն պատգամն է: Պարզապես պետք է գործել՝ տեսնելով մարդկանց տառապանքը»: Պարոն Յագլանդի վստահեցմամբ՝ պետություններն իրենք պետք է կանխարգելեն իրենց երկրներում էթնիկ զտումները, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի դրան. «Դիմելով ՀՀ-ին՝ խնդրում եմ՝ մի դադարեցրեք ձեր ջանքերը: ԵԽ-ն շատ է կարեւորում ձեր քայլերը ու գիտենք, թե որքան եք կարեւորում ռասիզմի ու օտարականության դեմ ուղղված քայլերը: Երբ ՀՀ-ն էր նախագահում ԵԽԽՎ-ն, այս մոտեցումները պարարտ հող հարթեցին ռադիկալիզմի ու ազգայնականության դեմ պայքարի համար: Հայ ժողովուրդն ուզում է այն, ինչ բոլոր մարդիկ են ուզում կյանքից՝ աշխատել, երեխաներին դաստիարակել, ճամփորդել ու հատել սահմաններ: Ես լիահույս եմ, որ դուք հաշտեցում կգտնեք ձեր հարեւանների հետ: Եվրոպայում ուժեղ հասարակությունները բաց հասարակություններն են՝ քաղաքականապես ու տնտեսապես: Հարգանքի տուրք քաղաքացիական հասարակությանը, որն իր ջանքերը ներդրեց հայ և թուրք հասարակությունների վերակապակցման համար»: Նա նաեւ հայտարարեց՝ եթե կա առիթ հայ-թուրքական արձանագրություններին վերադանալուն, ապա կոչ է անում այդ առիթը բաց չթողնել. «Դուք Թուրքիայի հետ նստում եք նույն սեղանի շուրջ, եւ հարյուր տարվա ողբերգությունը չպետք է կասեցնի ձեր երկար տարիների խաղաղ գոյատեւումը: Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում բացառելու բռնությունն ու հաղթահարելու ողբերգության հետեւանքները, ինչպես նաեւ՝ բացառելու դրանց կրկնությունները: Ցեղասպանությունները ինչ-որ որոշումների հետեւանք են: Ինչպես Ֆրիտյով Նանսենն էր ասում՝ պատերազմը կդադարի այն ժամանակ, երբ մարդիկ այլեւս չեն ցանկանա կռվել: Պետք է հեռանանք ազգայնականությունից ու քայլենք դեպի միջազգայնականություն: Վերակենդանացնենք գլոբալիզմը, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ է ամրագրված: Շնորհակալ եմ հայ ժողովրդին՝ իր քաջության համար: Պարոն նախագահ, ես ձեզ հետ եմ»: