Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց կրկին սպանելուն». ֆորումը մեկնարկել է

Քաղաքականություն
forum1

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը: Ֆորումին մասնակցում է շուրջ 500 գործիչ՝ աշխարհի տարբեր երկներից՝ քաղաքական, հասարակական, հոգեւոր ոլորտներից, լրագրողներ: Մինչ ֆորումի մեկնարկը, ցուցադրվեցին 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վկայող փաստագրական նյութեր: Իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ այս ֆորումը կարող է վերածվել ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քննարկումների կարեւոր հարթակի. «Այս համաժողովը Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված կենտրոնական միջոցառումներից է: Ցեղասպանությունը ողջ միջազգային համակարգի ձախողման վկայությունն է նաեւ: Անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է՝ սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց կրկին անգամ սպանելուն»: Նա ընդգծեց՝ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ՀՀ մասնակցության օրինակներից են ԱՄՆ-ում նախաձեռնած ու կոնսենսուսով ընդունված տարբեր տարիների բանաձեւերը: Դրանցից մեկը, ըստ նրա, այս տարվա մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունված բանաձեւն է. «Իսկ ժխտողականությունը բուն սպանդի իրականացման նույն եռանկյունու գագաթներից մեկն է»: Սերժ Սարգսյանը ողջունեց ՀՀ ԱԺ ընդունած երկու փաստաթղթերը՝ «Օսմանյան Թուրքիայում հույների ու ասորիների ցեղասպանության դատարպարտման» նախագիծը եւ «Տոների եւ հիշատակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով Ցեղասպանությունների կանխարգելման օր է հռչակվել դեկտեմբերի 9-ը. «Դա խորհրդանշական է, քանի որ այդ օրն է ընդունվել Ցեղասպանությունների կանխարգելման ու պատժի մասին կոնվենցիան: Այն, ինչին ուզում էին հասնել կազմակերպիչները, չի հաջողվել. մեր պատասխանն է՝ պետականության կառուցումն ու վերածնունդը, որն այսօր այլեւս անշրջելի է: Այսօրվա քննարկումը գործնական ուղերձ է, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ աշխարհի համար: Դրանց կանխարգելումը կարեւորագույն առաջնահերթություն է, եւ անցյալի դասերը դա պարտավորեցնում են: Մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ արմատախիլ անելու ցեղասպանությունները: Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է, դա վերաբերում է նաեւ մարդկության քաղաքակրթություններին»: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն իր ելույթում նշեց, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի՝ պայքարելու ցեղասպանությունների դեմ, քանի որ անպատիժ թողնելը պատճառ է դառնում, որ շարունակվի եղեռնագործությունների շղթան։