Գլխավոր դատախազը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ է հանդիպել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են եղել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին, բարձր է գնահատել իրավական ոլորտում ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության մակարդակը և ընդգծել շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի և արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումը:
Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ալեքսիս Հաֆթվանին և կարևորել նրա դերակատարումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու հարցում:
ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը որակել է ամենակարևորներից մեկը և ընդգծել, որ կա կամք՝ երկու երկրների միջև համատեղ կառուցելու իրավական կայուն համագործակցություն:
Հանդիպման ընթացքում, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, Գլխավոր դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացմանը, կիբերհանցավորության դեմ պայքարին և այդ համատեքստում քննարկել վերոնշյալ ուղղություններով ԱՄՆ աջակցության հնարավորությունները: