Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանը գրեթե արցունքն աչքերին այսօր քվեարկեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6ee6833a439f92158eb8a9e9aa903914

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ակունքներն Արեւմտյան Հայաստանից են։ Այսօր նա գրեթե արցունքն աչքերին քվեարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին Ազգային ժողովի հայտարարության օգտին։ Ինքը չի քննարկում՝ եղե՞լ է Ցեղասպանություն, թե չի եղել։ Այնուամենայնիվ ինքը այսօր իր պապենական հողերին չի հավակնում. «Մի քիչ մեծախոսություն է, պիտի կարողանանք այդ ամենը անել»։ Բայց առանց երազանքի էլ հնարավոր չէ, ինքը շատ կցանկանար զբոսնել Արեւմտյան Հայաստանի փողոցներով. «Ես էլ կուզեի, որ իմ զավակները Սանասարյան ճեմարանում սովորեին, ինչպես պապս է սովորել, ես էլ կուզեի Մարաշ գնայինք, եւ աղջիկները սովորեին Մարաշի ասեղնագործությունը տեղում»։ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն էլ է հայտարարությանը կողմ քվեարկողների մեջ, իր նախնիները վանեցի էին։ Տիկին Աճեմյանի պապենական կողմի 8 քույրերից ու եղբայրներից թուրքերի ձեռքից ողջ է պրծել միայն պատգամավորի պապը։ Եվ հիմա հանրապետական պատգամավորը պահանջատեր է. «Այդ պահանջատիրության զգացողությունը, այն, որ դրանք մեր հողերն են եղել, մենք միշտ պիտի հիշենք»։ Կցանկանա՞ր պատգամավորը սեղմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ձեռքը, որը նա հատուկ հայտարարությամբ մի քանի օր առաջ մեկնել էր հայերին. «Բարեկամություն չէի ասի, բայց քննարկել, խոսել, բանակցել, շփվել, դա պարտադիր եմ համարում»։ Էրդողանը նաեւ սպառնացել էր, որ 100-ամյակի շուրջ այս աղմուկը կավարտվի եւ հայերը դեռ լուրջ վնասներ կկրեն աշխարհին Թուրքիայի դեմ լարելուց։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատում է, որ Էրդողանն իրեն բնորոշ ոչ ադեկվատ հայտարարություններ է անում, թեթեւ նայեք. «Դավութօղլուն դիմում է հայ ժողովրդին ցավակցական խոսքով, մեկ այլ գործիչ մեկ այլ բան է ասում, Գյուլը քննադատում է Էրդողանին»։ Թուրքիայի վրա ամբողջ աշխարհն է այսօր ճնշում գործադրում, եթե Էրդողանը սպառնացող էր, թող Ցեղասպանության 99- ամյակի օրերին սպառնար. «Գերմանիան արդեն ցեղասպանություն է դա անվանում, Եվրախորհրդարանի բանաձեւը եւ այլն, այս ճնշումների տակ փորձում է ինչ-որ քայլ անել, որը ոչ ադեկվատ է ստացվում, ինչը նպաստում է էլ ավելի հակաթուրքական տրամադրությունների զարգացմանը»։ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունն, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, այնուամենայնիվ, դիվանագիտական որեւէ ազդեցություն չունի, դա պարզապես հայտարարություն է. «Արտաքին քաղաքականության հիմքում եղել են նույն մոտեցումներն, ինչ անկախության հռչակման պահից, եւ կարծում եմ շատ շուտով մենք ականատես կլինենք, որ կամ արտգործնախարարը կամ նախագահը կմեկնաբանեն այս գործընթացները եւ մեր արտաքին քաղաքական դոկտրինի հետ դրա առնչվելը կամ չառնչվելը»։