«Միգրացիոն օրենսդրության նոր պահանջները Վրաստանում և տեղական հայ համայնքի խնդիրները» (տեսանյութ)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի նախաձեռնությամբ` ապրիլի 20-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա «Միգրացիոն օրենսդրության նոր պահանջները Վրաստանում և տեղական հայ համայնքի խնդիրները» խորագրով քննարկում, որին կմասնակցեն Վրաստանի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաեւ փորձագետներ ու վերլուծաբաններ երկու երկրներից: 2015 թվականի սկզբին Վրաստանը համապատասխանեցրեց երկրի միգրացիոն օրենքը ԵՄ-ի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրին: Համաձայն նոր օրենսդրության` մասնավորապես Վրաստանի այն հայերը, որոնք ունեն երկրորդ քաղաքացիություն, կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Մինչդեռ երկքաղաքացիություն ունեցողների դեպքում, Հայաստանի ու Ռուսաստանի անձնագրերը թույլ էին տալիս աշխատանքային միգրանտներին մեկնել Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ` տեղափոխելով օրենքի ուժի մեջ մտնելու օրը 2015թ. հունվարի 1-ից՝ հուլիսի 1: Այնուամենայնիվ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ դեռեւս ունեն Վրաստանում կացության հետ կապված խնդիրներ: Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը (Հայաստան), քաղաքական վերլուծաբան Ջոնի Մելիքյանը (Հայաստան), «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը (Վրաստան) եւ Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը (Վրաստան), ինչպես նաեւ այլ փորձագետներ կքննարկեն Վրաստանում բնակվող հայ համայնքի վերոնշյալ խնդիրները։ Վրաստանի մասնակիցները կմիանան քննարկմանը տեսազանգի միջոցով: