ԲՀԿ-ն նամակ է գրել Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ուր մասնավորապես ասված է՝ ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ և մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են համակողմանի և մանրակրկիտ քննարկում եւ կոնկրետ քայլերի ձեռնարկում: Մասնավորապես՝ 1. Գազի սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման և ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի: 2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման և բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը և ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը և կազմում մինչև 8.64 %: Միայն գերնորմատիվային 3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3 գազ, որը միջին սակագնով 20 մլն ԱՄՆ դոլար է: Լրացուցիչ պարզաբանման և հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի ծավալը: 3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակայնությունը, ինչպես նաև՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա: 4. Անհրաժեշտ ենք համարում նաև քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների, ներդրումային ծրագրերի ուսումնասիրման եւ հաստատման, լիցենզիաների պայմանների կատարման խնդիրները։ 5. Անհրաշետություն կա նաեւ քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության եւ արդյունավետության խնդիրը: 6. Կարեւորագույն խնդիր ենք համարում նաեւ անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի և 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձևավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին: Պարո՛ն վարչապետ, Կարծում ենք, որ թե՜ վերոնշյալ, թե՜ գազամատակարարման ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ անհրաժեշտ է հրատապ քննարկել կառավարությունում եւ տալ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական բնույթի լուծումներ: ՀՀ ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՀԿ մամուլ ծառայություն