Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմության մեջ ամենամեծ արտաքին պարտքը՝ նախորդ կառավարությունից (տեսանյութ)

Տնտեսություն
vilen-khachatryan

«Հայաստանի տնտեսությունը նման է հին մի մեքենայի, որ ղեկին ով էլ նստի, չի կարողանա վարել՝ մասերը փչացած են»,- ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման մեկ տարվա մասին ու հավելում, որ այդ մեքենայի վրա այսօր նաեւ պարտքեր են կուտակվել. «Դե արի ու վարի այդ մեքենան»։ Ամփոփելով նոր կառավարության մեկ տարվա աշխատանքը՝ նա, նախ և առաջ հաշվի է առնում, թե Հովիկ Աբրահամյանը ինչպիսի կառավարություն ժառանգեց Տիգրան Սարգսյանից. «Պետք է հաշվի առնենք, որ երկրի արտաքին պարտքը նախորդ կառավարության օրոք ավելացել է 200 տոկոսով։ Դա ամենամեծ արտաքին պարտքն է պատմության մեջ։ Այսինքն` այսօրվա կառավարությունը ունի ժառանգած տնտեսական փոքր աճ, կուտակած պարտքեր եւ հնարավորություն չունի կրկին պարտք վերցնել»։ Տնտեսագետը դրական է գնահատում այն, որ Հովի Աբրահամյանի կառավարությունը այլընտրանքային լուծումներ փնտրելու ճանապարհով է աշխատում՝ նախորդի հետ համեմատ, բայց միեւնույն ժամանակ նշում է նրա սխալ քայլերը. «Եվրոբոնդերի թողարկումը, որը առաջացրեց այնպիսի մի իրավիճակ, որ ավելի բարձր տոկոսադրույքով վերցրած գումարները ուղղվելու են ավելի ցածր տոկոսադրույքով վերցրած գումարների մարմանը։ Մյուս սխալը ԿԲ պահուստների կրճատումն է»։ ԵՏՄ-ին անդամակցելու 3 ամիսների մասին խոսելով՝ Վիլեն Խաչատրյանն ասաց. «Օրինակ` արտահանողների համար դեռ խնդիրներ կան, նրանք չեն կարողանում ռուբլու անկման պարագայում վերագտնել իրենց շուկաները։ Այս երեք ամսվա ընթացքում ունեցել ենք տեխնիկական ցուցանիշների անկում։ Մի խոսքով, ԵՏՄ-ն դեռ որպես տնտեսական միավորում իրեն չի արդարացնում»։