Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 23-25-ը Երեւանի հյուրանոցներում մնացել են 285 000 դրամանոց սենյակներ

Հասարակություն
երևան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ որքանով է Երևանը պատրաստ հյուրընկալության։ Մայրաքաղաքում, որն այդ օրերին միջոցառումների գլխավոր վայրն է լինելու, դեռևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ աշխատանքները, որոնք նախատեսված էին ավարտել մինչև ապրիլի 20-ը, արդեն ավարտված են, բայց դեռ աշխատանքներ կան անելու։ Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` բարեկարգվել և պատշաճ վիճակի է բերվել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող թվով 5 հուշարձան։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մերձակա տարածքում տեղադրվել են ցայտաղբյուրներ և սանհանգույցներ` քաղաքացիներին սպասարկելու համար։ Այս պահին դեռևս շարունակվող աշխատանքները ավարտին կհասցվեն միջոցառումների մեկնարկից օրեր առաջ: Մտահոգություններ են հնչեցվում, որ Երևանն իր հյուրանոցային ենթակառուցվածքներով դժվարություններ կունենա բավարարելու սպասվելիք բարձր պահանջարկը։ Մեր ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ մայրաքաղաքի բարձր դասի հյուրանոցներում, ինչպիսիք են՝ «Մարիոթ Արմենիա», «Էրեբունի», «Անի», «Ռոյալ Թյուլիպ Գրանդ Հոթել», «Հայաթ Փլեյս», «Երևան», ապրիլի 23-25-ի համար արդեն իսկ հնարավոր չէ տեղեր ամրագրել։ Բարձր դասի հյուրանոցներից «Նորթ Ավենյուն» դեռևս առաջարկում է սենյակներ. 2 անձի համար գործում է 285 000 դրամ սակագին։ Միջոցառումների մեկնարկից 10 օր առաջ ազատ տեղեր թերևս հնարավոր է գտնել հյուրատներում: Այստեղ 2 անձի համար գործում է միջինը 60-80 հազար դրամ սակագինը՝ 2 գիշերվա համար։։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենց կողմից ուսումնասիրություններ են արվել, և իրենք տեղյակ են, որ հատկապես բարձր դասի հյուրանոցները մեծ մասամբ զբաղեցված են. «Պետք է նշել, որ Հայաստան ժամանելուց առաջ մարդիկ արդեն իսկ համացանցի օգնությամբ տեղեր են ամրագրում հյուրանոցներում: Այսօր զարգանում է նաև մեկ այլ ուղղություն, երբ Հայաստան ժամանողները վարձակալում են մասնավոր բնակարաններ, իսկ այսօր Երևանում այդպիսիք շատ են: Աշխատանքներ տարվում են նաև տուր օպերատորների կողմից»։ Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ իրենց գերատեսչությունը որևէ պարտականություն չի կրում ապրիլքսանչորսյան միջոցառումների մասնակիցներին կեցավայրով ապահովելու հարցում։