«Թռչնի գրիպ»-ը չվում է «տաք երկրներ»
Աջակցիր «Ա1+»-ին"Այբ-Ֆե" շաբաթաթերթի նյութերից
Հայաստանում պարալիզացվել է եկամտաբեր բիզնեսներից մեկը: «Թռչնային գրիպ»-ից զգուշանալով` մարդիկ խուսափում են գնել թռչնամիս կամ հավկիթ:
Մեր Հանրապետությունը «թռչնի գրիպ»-ի տարածման ռիսկային խմբում է, եւ հետաքրքիր է իմանալ` սովորական պայմաններում հնարավո՞ր է զգուշանալ վարակից: Պարզվում է` «թռչնային գրիպ»-ի վիրուսը ջերմակայուն չէ. 60-70 աստիճանի դեպքում 2-3 րոպեից հետո վիրուսը ոչնչանում է: Դա երաշխավորում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գեւորգ Թովմասյանը. «Ասենք, եթե տաք, շիկացած թավայի մեջ եք գցում ձուն ձվածեղի համար, ապա խնդիր չկա: Հանգիստ կարելի է նույնիսկ վարակված միսը եռացնել մի 2 րոպե եւ ուտել, դա ես մասնագիտական բան եմ ասում»: Դա վերաբերում է նույնիսկ թերխաշ ձվին: Ըստ մասնագետի, սննդային ճանապարհով «թռչնի գրիպ»-ով վարակվելու միայն մեկ տարբերակ կա. «Այդ մսից մարդը կարող է վարակվել միայն այն դեպքում, եթե հումակերությամբ է զբաղվում»:
Մեր հարեւան պետություններում վարակն արդեն արձանագրվել է, եւ ՄԱԿ-ի պարենի ծրագիրն էլ հավանական համարեց վարակի փոխանցումը մեր երկիր: Քանի որ Հայաստանում եղանակն արդեն սառն է, դա մի քիչ հանգստացրել է մեր մասնագետներին, որոնք վարակի մուտքը Հայաստան ավելի հավանական են համարում թռչունների գարնանային չուի ժամանակ: Թեպետ երամները հիմա էլ են չվում «տաք երկրներ»: «Չի բացառվում, որ թռչունները «տաք երկիր» են գնում նաեւ մեր Հանրապետության վրայով: Ուղղակի արդեն վերջն է այդ չուի, դրա համար վարակի տարածման հավանականությունը շատ քիչ է»,- ասում է Թովմասյանը: Իսկ քանի որ պետության ղեկավարները չեն կարող վերահսկել թռչունների բնական տեղաշարժը, նրաց մնում է կանխարգելել թռչունների, ավելի ճիշտ` թռչնամսի «արհեստական» տեղաշարժը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարի հոկտեմբերի 7-ի հրամանով, «հաշվի առնելով ՌԴ-ում, Ռումինիայում, Հարավ Ասիական երկրներում, Թուրքիայում, Իրանում «թռչնի գրիպի» համաճարակների բռնկումների արձանագրված դեպքերի մասին տեղեկությունները, հիվանդության ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով, արգելք է սահմանված նշված պետություններից թռչնի եւ թռչնամթերքի ներկրման պրոցեսում»: Երեւանի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի, Ագարակի, Այրումի սահմանային հսկիչ կետերը վերահսկում են ոչ միայն մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներն, այլեւ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների մասնագետները:
Մաքսային պետական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե ո՞ր երկրներից է Հայաստան ներկրվում թռչնամիս: Գոյություն ունեն թռչնամսի ծագման (որտեղ է արտադրվել- խմբ.) եւ արտահանող երկրներ: Ծագման երկրներից Հայաստանը գործ ունի Բրազիլիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ: Արտահանող երկրներից Հայաստանի հետ համագործակցում են Բրազիլիան, Կանադան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Վրաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ ԱՄՆ-ն:
Հայաստան-Թուրքիա պաշտոնական ապրանքաշրջանառություն, ուրեմն նաեւ` դրա վերաբերյալ փաստաթուղթ գոյություն չունի: Այդուհանդերձ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության գլխավոր մասնագետը պնդում է, որ Թուրքիայից այնուամենայնիվ, թռչնամիս ներկրվում է Հայաստան. «Բա ինչ ենք անում, մինչեւ այդ ներկրում էինք, բոլոր տեղերից էլ ներկրում էինք»: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում տարբեր պետություններից Հայաստան է ներկրվել 11 747 տոննա թռչնամիս: Սա այն դեպքում, երբ ներկայացվում է, թե Հայաստանի բոլոր թռչնաֆաբրիկաները աշխատում են մեծ թափով եւ սպառողներին ապահովում տեղական արտադրանքով:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում վերահսկողությանն, ապա այդ առումով գյուղնախարարության մասնագետներն այսօր առավել ծանրաբեռնված են, քանի որ գյուղացիներն, իենք էլ են զգոն: «Շատ զանգեր են գալիս: Նույնիսկ 1 թռչուն որ սատկում է որեւէ մարզում, մենք 3-4 մասնագետ ենք ուղարկում: Ասենք` կարող է թունավորություն է, լուծ է, գրիպ է, բայց ոչ այն, ինչի մասին խոսում ենք»,- ասում է պարոն Թովմասյանը:
ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ