Տնտեսական անկում եւ գնաճ է սպասվում (տեսանյութ)
2015 թվականին Հայաստանում 10 տոկոս տնտեսական անկում կլինի. Այսպիսի կանխատեսում է անում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Կանխատեսման հիմքում դրված են այն միտումները, որոնք արդեն նկատվում էին անցած տարվա վերջում. «Օրինակ տրանսֆերտների հոսքը էապես նվազել է՝ մոտ 50 տոկոսով, իսկ այդ ոլորտը Հայաստանում ամենաշատ եկամուտ ապահովող ոլորտներից է: Տարեկան երկուսից երկուսուկես միլիարդ դրամ է մտնում Հայաստան, հիմա պատկերացրեք, որ այդ գումարն այլեւս չլինի»: Բագրատ Ասատրյանը 2015 թվականին կանխատեսում է նաեւ գնաճ` 8-10 տոկոս. «Եթե ԿԲ-ն եւ կառավարությունը իրենց գործելաոճը շարունակեն ինչպես անցած տարի, ապա տնտեսական առումով ամեն ինչ նույնը կմնա»: Ըստ տնտեսագետի՝ այսօրվա տնտեսական վիճակը կարող է հանգեցնել նաեւ դրամի կուրսի կտրուկ փոփոխության: Տնտեսագետը խոսեց նաեւ հիմնարար ցուցանիշների մասին, ըստ որի՝ վերջին տարիներին Հայաստանը նահանջ է ունեցել՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի. «Ներդրումների համար Հայաստանը վտանգավոր երկիր է: Քաղաքական էլիտան նախընտրում է գնալ Վրաստանում ներդրումներ անել»,- նշեց Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ Հայաստանի զարգացմանը նպաստող ներդրումներ նա մեր երկրում չի տեսնում: Պարոն Ասատրյանը ցավով նշեց, որ տնտեսական այս ծանր վիճակին չդիմանալով՝ մարդիկ նախընտրում են արտագաղթի ուղին. «10-12 տոկոս ավելացել է արտագաղթը, մարդիկ նախընտրում են իրենց վերաբերմունքը այդ կերպ դրսեւորել: Սա ուղղակի սարսափելի է: Երկիրը դատարկելու գործընթաց է»: