Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը «Genealogy» -ին

Հասարակություն
eurovision

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ: Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ Եվրատեսիլի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: «Genealogy» խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերեւա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռեւս գաղտնի է պահվում կազմակերպիչների կողմից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը: «Genealogy» խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը: Նկարահանումների ընթացքի մասին մանրամասնում են «Genealogy» խմբի ներկայացուցիչները: Թամար Կապրելյան. «Ընթացքն ուղղակի հիասքանչ էր, այնքան լավ ժամանակ անցկացրինք: Սյուժեն այսպիսին էր` Եսային բարձրացնում էր փաթեթը, արձակում ժապավենը, եւ այդ ընթացքում բոլորս միանում էինք նրան, զարմանքի, նշաններ ցույց տալիս եւ ուրախ բացականչում»։ Եսայի Ալթունյան- «Երեւի մոտ քսան անգամ նկարահանեցինք տեսարաններից մեկը: Ամեն անգամ նկարահանման ընթացքում փաթեթը բացելիս մի հետաքրքիր բան էինք գտնում ներսում` երբեմն գումար, պլաստիկ քարտեր, դանակ, կամ էլ հեռախոս` վիդեոռեժիմի վրա դրված, որ մեր էմոցիաները նկարահանի»: Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան- «Եվրատեսիլյան բացիկի նկարահանումներն անցան շատ ուրախ եւ առանց ավելորդ լարվածության։ Ամեն անգամ տեսարաններից մեկը կրկին նկարահանելիս անակնկալ էինք ունենում, ինչն էլ շատ զվարճալի էր»: Վահե Թիլբյան. «Եվրատեսիլյան բացիկը շատ գեղատեսիլ վայրում ենք նկարահանել։ Ըստ էության, այս վայրն էլ հենց բացիկի տեսք ունի։ Շատ լավ անցավ, վայելեցի ողջ ընթացքը»: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին, որտեղ Հայաստանը կներկայանա երկրորդ համարի ներքո, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 23-ին: euro Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին