Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բագրատյանի խոսքը բերեց նրան, որ կինոն կամաց-կամաց դարձավ երշիկ» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar00001

Երկար ժամանակ քննարկվող Կինոյի մասին օրենքը գուցե առաջիկայում վերջապես ընդունվի։ «Հիմա քննարկման փուլում ենք։ Կուզեի, որ այդ օրենքով կինո նկարահանողների համար սահմանափակում պետք լինի, քանի որ այսօր ինչ ուզում, մատուցում են, կինոթատրոնների համար էլ պետք է սահմանափակում լինի, որ ամեն ինչ չցուցադրեն: Դաժանություն, էրոտիկա և ինչ ասես, ցուցադրում են»,-կարծում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։ Կինոյի ֆինանսավորումը ներկայում 293 մլն դրամ է, որն, ըստ նրա, շատ փոքր գումար է, որով բազմաթիվ խնդիրներ հնարավոր չէ լուծել։ Հարկային արտոնություններ պետք է տրվեն ռեժիսորներին, որպեսզի իրենք էլ շատ դժվարություններից խուսափեն։ Պարոն Գևորգյանը նշում է, որ մինչև 2006 թվականը Կինոկենտրոնն, ըստ էության, ֆիլմ չի նկարահանել։ «Նման կերպ շարունակել չի կարելի»,-վստահ է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Նա մտաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով ժամանակին դարձյալ այս օրենքի քննարկման ժամանակ նշել էր, թե կինո ու երշիկ արտադրողը պետք է նույն ձևով հարկվեն։ «Դա բերեց նրան, որ կինոն կամաց-կամաց դարձավ երշիկ»,-ասում է պարոն Բաղդասարյանը: Նա այն կարծիքին է, որ այժմ հանդիսատեսը սպառում է անհասկանալի մի բան, որի համար 3000 դրամ է վճարում, բայց ավելի շուտ իրեն պետք է այդքան վճարեն, որ նա դիտի ներկայիս անհասկանալի ֆիլմերը։ Կինոռեժիսորն առաջարկում է գիլդիա ստեղծել, որը սկսած ֆիլմ նկարահանողներից, լիցենզիա կտրամադրի։ Դերասան Միքայել Պողոսյանն էլ ֆինանսների սղության հետևանքով ակամա դարձել է նաև պրոդյուսեր։ Իր վերջին 2 ֆիլմերի գումարն ինքն է հայթայթել։ «Հոգնել ենք ինչ-որ դռներ թակելուց՝ գումարի համար։ Մտածում ենք, որ մի օր էլ մեր դուռը կթակեն»,-շեշտել է նա։ «Խուտուտչիների, կավեենշիկների տարափ ա դառել: «Սուպեր մամա» կինոն մեկ մլն գումար ա աշխատել, գնացի, ասեցի, նայեմ, տասնհինգ րոպե հետո փախել եմ դահլիճից: Հիմա ամենալավ երաժիշտներին գումար է տալիս Արմենչիկը և նրանք թիկունք են կանգնում այդ երգչին»,-շեշտել է դերասանը՝ նշելով, որ գումարն է այժմ ամեն ինչ որոշում: «Էսօր դեպուտատներից սկսած բոլորը կինո են նկարում»,-նկատում է նա: Դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր հերթին մտաբերել է մի դրվագ, երբ մեր անվանի դերասան Մհեր Մկրտչյանին զանգել է երիտասարդ մի ռեժիսոր ու ասել, որ ուզում է իրեն պրոբա անել ֆիլմի համար։ Ֆրունզիկն էլ պատասխանել է. «Տղա ջան, իսկ քեզ ֆիլմ տալուց առաջ պրոբա արե՞լ են»: Պարոն Խաչատրյանն ուզում է, որ պրոֆեսիոնալ մարդիկ զբաղվեն կինոյով։ Հիմա էլ օրենքի քննարկմանն ուզում է տեսնել կինոգործիչներին, այլ ոչ Մշակույթի նախարարության աշխատողներին: «Պլենտուսից ցածր որակի կինո չպետք է լինի, որն այսօր առկա է, գոնե մի հարկ բարձր պետք է լինի: Չի կարելի մայթն ավլել ու լցնել եթեր: Ես գիտեմ դա ինչ է. սերիալում նկարահանվելու ժամանակ սցենարը տալիս էին ձեռքս ու մի քանի րոպե անց արդեն նկարահանման հրապարակում էի»։ Արվեստագետները միակարծիք են այն հարցում, որ մինչև այժմ լուրջ չեն վերաբերվել կինոյին, դրա համար էլ օրենքը չի եղել։ Նախատեսվում է, որ օրենքի նախագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի 10-15 օրվա ընթացքում։