Վահե Բաղդասարյանը ճանաչվեց մրցաշարի հաղթող
Հայաստանցի շախմատիստ, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը հաջող հանդես եկավ Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում: Մեր 22-ամյա շախմատիստը Բ խմբի մրցումներում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ եւս հինգ մասնակիցների հետ բաժանեց 1-6-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց Վահե Բաղդասարյանը: Իսկ ահա նույնպիսի արդյունք ցույց տված մեր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը գրավեց 6-րդ տեղը: Մրցաշարի Ա խմբում հայտավորված մեր շախմատիստները բավական վատ հանդես եկան: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 5 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը 4,5-ով ի վերջո մրցաշարն ավարտեց 39-րդ հորիզոնականում: Նշենք, որ նրանք 2-2,5 միավորով ետ մնացին մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիից: Կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 18 հնարավորից վաստակեց 11 միավոր եւ զբաղեցրեց 25-րդ տեղը: Նա 3,5 միավորով ետ մնաց նույն Յան Նեպոմնյաշչուց, որը հաղթեց նաեւ այս մրցաշարում: