Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգտնի՞ Հայաստանը ճիշտ լուծում՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
b8f282bbbb70253bf5d7abf8caf6ab1d

Թեհրանում տոնում են Լոզանում մեծ վեցնյակի ձեռք բերած համաձայնությունը, որով Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց արեւմուտքը հանում է պատժամիջոցները: Ձեռք բերված համաձայնությունը կարեւորվում է նաեւ Հայաստանի համար։ Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ «Այն նույն երկիրը, որը Եվրոպայի ու տարածաշրջանի համար վտանգ էր ներկայացնում, այսօր այն կարող է դառնալ ոչ թե վտանգ, այլ հնարավորություն զարգացման համար»: Արեւմուտքը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սկսել է կիրառել 2006թ.: Իրանի ապրանքաշրջանառությունն արտաքին աշխարհի հետ կասեցվեց: Իրանը բարձրացրեց ներմուծման իր մաքսատուրքերը` այդպիսով փորձելով որոշակիորեն փոխհատուցել իր տնտեսական վնասները. «Պարսիկները դժվար բանակցողներ են եւ տնտեսական համագործակցության մեջ քայլ անող: Իրենք հազար չափում, մեկ կտրում են, գործ կանեն ու նաեւ ներդրումներ կանեն, երբ որ իրենց շահը շատ կարեւոր է»: Պարոն Խաչատրյանը 1995թ. եղել է հայ-իրանական կառավարական հանձնաժողովի անդամ եւ հիշեցնում է` տնտեսական բազմաթիվ համաձայնագրեր են կնքվել Իրանի հետ, որոնցից այսօր մեկ-երկուսն են միայն իրագործվել. «Նրանք պատրաստ էին անգամ ներդրումներ անել` մեր «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար»: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի կարծում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ օգուտ կտա ՀՀ-ին. «Չի բացառվում, որ հայ ներդրողները, ինչպես Վրաստան գնան, այնպես էլ Իրանի ազատ գոտիներում տնտեսություն հիմնեն, որտեղ 20 տարի հարկերից ազատվում են եւ անկախ ներդրումների չափի իրենք շատ խթանվում են»: Հարեւաններից ՀՀ-ի հետ ունենալով առավել ջերմ հարաբերություններ` Իրանն արդյո՞ք կօգտագործի մեր երկիրը դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ. «Նրանք կարող էին ՀՀ-ով որպես տուրիստներ` Վրաստան թափանցել, բայց բեռների փոխադրման առումով ՀՀ-ն դեռեւս տրանզիտ չի ծառայել Իրանի համար»: Մինչդեռ Վահագն Խաչատրյանի համոզմամբ` Եվրոպային հիմնականում հետաքրքրում է իրանական գազն ու նավթը, իսկ այս էներգակիրների տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով հնարավոր է դուր չգան ռազմավարական դաշնակից Ռուսաստանին. «Մենք պետք է գնահատենք` արդյոք մենք պետք է գնանք նրան, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները վտանգենք: Թեեւ տնտեսական առումով ՀՀ-ն միմիայն կշահի»: Ըստ տնտեսագետների՝ եթե ՀՀ-ն ցանկանում է լինել պլատֆորմ ԵՏՄ-ԵՄ միջեւ, պետք է Իրանի հետ ճիշտ փոխհարաբերություններ մշակի: