Իրանի միջուկային ծրագիրը կսահմանափակվի. վերջնական փաստաթուղթը՝ հունիսին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի ութօրյա բանակցությունները տվել են ցանկալի արդյունքը: Կողմերը համաձայնության են եկել, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է սահմանափակվի, իսկ պատժամիջոցները պետք է վերացվեն: Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման. հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով։ Կողմերը համաձայնեցրել են շրջանակային սկզբունքները եւ, ինչպես եւ նախատեսված էր, մինչեւ հունիսի 30-ը պետք է աշխատեն համապարփակ համաձայնագրի տեքստի վրա եւ ստորագրեն այն: