Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ւր գնացին կենսաթոշակայինի գումարները»

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ն այսօր շարունակեց ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկումը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ ասելով, որ հաճախ նրա հետ համամիտ չի լինում: Ելույթի ավարտին, երբ ամբիոնին էր մոտենում Հրանտ Բագրատյանը, երկու պատգամավոր մի պահ բանավիճեցին, ու Հրանտ Բագրատյանը վիճելով մոտեցավ ամբիոնին ու իր խոսքը շարունակեց խոսափողների մոտ: «Մի մենամարտեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենամարտ չկա: ՀՀԿ-դ միակողմանի մի ճշմարտություն է ընտրել ու դրանով ուզում եք առաջ գնալ: Պարոն Այվազյան, նստի ու լսի, մի ընդհատեք, խոսեմ՝ տասը րոպե ժամանակ ունեմ: 24 օրենք եմ ընդունել, ոչ մեկը չի մտել օրակարգ, որոնք պակաս չեն ձեր օրենքներից»,- բարկացած սկսեց իր ելույթը պարոն Բագրատյանը: Ըստ նրա՝ երկիրը օրեցօր գլորվում է ցած. «Մենք արդեն հույս չունենք, որ լավ է  լինելու: Առաջիկա պատերազմում պարտվելու ենք: Մրցակցություն չկա երկրում: Դուք երեւի այսպես եք աշխատում՝ զանգում եք, ասում՝ մի քիչ շտրաֆ կանենք, կանցնի, կգնա: Հիմա հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ են բոլոր բիզնեսմեններն ուզում պատգամավոր դառնալ, քանի որ հասկացել են՝ եթե ունես քաղաքական իշխանություն, ունես նաեւ՝ տնտեսական: Մարում է արդեն հանրապետությունը»: Նա նաեւ խոսեց Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին. «Ինչո՞ւ ձեր խոստացած ներդրումները չավելացան, ո՞ւր գնացին այդ գումարները: Գնացեք պատժեք այդ մարդկանց»: «Խոսքի արժանապատվությունը փորձենք պահպանել»,- կրկին արձագանքեց Գալուստ Սահակյանը: