Արագած Ախոյանը`«առնետավազքի» մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվելի լավ է ընդդիմադիր լինել, քան այլընտրանք. այս կարծիքին է վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Արագած Ախոյանը։ «Ընդդիմադիրը հստակեցված կեցվածք է, այլընտրանքը ինձ համար անհասկանալի է։ Այդ դաշտում աշխատել ենք 3 տարի, գիտենք ինչքան բարդ բան էր»,- նշում է իրեն անկախ համարող պատգամավորը՝ ավելացնելով, որ իրեն ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանության դաշտում չի պատկերացնում։ Իսկ ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չէր հայտարարում, պարզաբանեց. «Լինել կուսակցության կամ խմբակցության մեջ՝ նշանակում է կատարել և, հատկապես, ենթարկվել խմբակցության որոշումներին»։ Նրա խոսքերով ՝ բազմիցս եղել են հակասող կարծիքներ, սակայն արտահայտելով կարծիքները, ենթարկվել են մեծամասնության որոշմանը։ ԲՀԿ-ից դուրս եկած Արագած Ախոյանը իր եւ ընկերների անունից հայտարարում է, որ չեն մասնակցում խմբակցության որոշումների կայացմանը եւ գործելու են որպես անհատ մարդիկ, անհատ պատգամավորներ։ Քվեարկելու ու որոշումները կայացնելու են ըստ իրենց ցանկության. «Բավականին ակտիվ ենք աշխատելու, եւ բոլորը հետագայում դա կզգան»։ ԱԺ այսօրվա քառօրյայում ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց ընդդիմադիր լինելու մասին։