Քայլեր՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ
Այսօր՝ մարտի 20-ին, կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասնհինգերորդ նիստը՝ եվրոպացի և հայ խորհրդարանականների մասնակցությամբ: Հանձնաժողովը հաստատեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին համատեղ հայտարարություն: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (www.eufoa.am) կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Այս փաստաթղթի ընդունումը, ինչպես նաև կողմերի լիակատար փոխըմբռնումը և համագործակցությունը վկայում են Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Չորեքշաբթի օրը Երևանում եզրափակված Եվրանեսթ ԽՎ-ի նիստի և ԵՄ Հանձնակատար Հանի՝ Հայաստան կատարված այցի համատեքստում այս շաբաթը ընդհանուր առմամբ իսկապես հաջողված կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից»: Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարությունը «կարևորում է հարաբերությունների առկա հիմքի վերանայումն ու թարմացումը», ինչը նաև նշվել էր Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, և «ընդգծում է, որ և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը այժմ հստակեցրել են համագործակցության հնարավոր ոլորտները՝ անկախ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց»: Ավելին, Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը դրական է գնահատում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիսայի (հետընդունման) համաձայնագրերի շրջանակներում իրականացված քայլերը և «սատարում է մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հետագա քայլերին, ինչի շնորհիվ որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ճանապարհորդել առանց մուտքի արտոնագրի»: ԽՀՀ-ն նաև անդրադառնում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1987 թվականին ընդունված բանաձևին, և Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհերի հիշատակին՝ մեկ անգամ ևս կոչ անելով ԵՄ բոլոր անդամ երկրներին ընդունել Ցեղասպանությունը և խթանել դրա ճանաչմանը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն իրենց աջակցությունն են հայտնում բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ինչպես նաև՝ միջադեպերի առթիվ հետաքննության մեխանիզմներ մշակելու Մինսկի խմբի առաջարկությանը, և կոչ են անում «բոլոր կողմերին ստանձնել ավելի մեծ քաղաքական հանձնառություն՝ միևնույն ժամանակ խիստ դատապարտելով հրադադարի համաձայնագիրը խախտելու բոլոր փորձերը և հիշեցնելով վստահությունն ամրապնդելու միջոցների կարևորության, ներառյալ՝ դիպուկահարներին սահմանից հեռացնելու մասին»: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովները կազմվում են Եվրամիության և երրորդ երկրների միջև համագործակցության համաձայնագրի հիման վրա: Հանձնաժողովները բաղկացած են կողմերի խորհրդարանների անդամներից: Հայաստան-ԵՄ ԽՀՀ-ի հանդիպումներն իրականացվում են տարին մեկ անգամ՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի շենքերից մեկում՝ հերթականությամբ: