Ինչու է դադարեցվել հայկական արտադրանքի արտահանումը (տեսանյութ)
Կառավարությունը չի վերանայելու տնտեսական աճի ցուցանիշը. այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ «Իհարկե ճնշումներ արտաքին ազդեցությունների պատճառով կան, եւ դա սպասելի է, որովհետեւ արժութային, տնտեսական իրավիճակի փոփոխությունները շուկայում իրենց ազդեցությունը պետք է ունենային»,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով՝ գների ճշգրտման պրոցես է գնում, եւ խնդիրը ավելի հաստատուն իրավիճակի գալն է։ «Մեր գործարարների ավանդական գործընկերները ասել են, որ ոչ թե հրաժարվում են հայկական արտադրանքից, այլ խնդրել են սպասել, մինչեւ խնդիրը վերանա։ Նկատի ունեմ Հայաստանի գործընկերներին, նույնիսկ Եվրամիության, որովհետեւ այնտեղ էլ եվրոյի գնի նվազում է արձանագրվել դոլարի նկատմամբ»։ Նախարարի խոսքերով՝ վարչապետի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը շաբաթական մի քանի անգամ հավաքվում եւ քննարկում է այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք պետք է իրականացնի՝ տնտեսական խնդիրների հետագա խորացումը թույլ չտալու համար։ «Մենք այսօր այդքան խորը հոռետեսության հիմքեր չունենք»,- եզրափակեց նա։