Ահազանգ Մեծ Այրումից. քանդվում է համայնքին պատկանող արոտավայր-բլուրը. ԷկոԼուր
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող ծանր տեխնիկան ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում քանդում է համայնքի արոտավայրը համարվող բլուրը: Այն դարձել է հողի, ավազի հանք, և այնտեղից մեծ քանակությամբ հող է տարհանվում անհայտ նպատակով: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին Մեծ Այրում համայնքից: Համայնքի բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչ է արվում հանվող հողի հետ: Շրջանառվում են տարբեր վարկածներ. մի մասը կարծում է, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի գործող Նահատակ պոչամբարի ինչ-որ հատվածի ռեկուլտիվացիայի համար է, մյուս մասը՝ Ճոճկան համայնքի ջրագծի անցկացման աշխատանքների կամ ներհամայնքային ճանապարհների հարթեցման: ԷկոԼուրի հետ զրույցում Մեծ Այրումի համայնքապետ Սահակ Նազարյանը նախ նշեց, որ այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, և հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայանող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով: Նրա խոսքով՝ պոչամբարի ռեկուլստիվացիա չի արվում: Սակայն համայքնապետը նաև չժխտեց, որ հողը օգտագործվում է կոմբինատին պատկանող պոչամբարի վերևի մասը լցնելու համար: Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանն էլ նշեց, որ նույնիսկ եթե այդ հողը օգտագործվում է պոչամբարի ռեկուլտիվացիայի նպատակով, դա չի նշանակում, թե ռեկուլտվացիան պետք է կատարվի մի նոր բնապահպանական աղետ ստեղծելու հաշվին: Մանրամասներն՝ այստեղ