«ԵՏՄ միասնական արժույթի անցնելը միայն քաղաքական նպատակ ունի». Առավոտ
«Ինչո՞ւ առաջացավ այդ հարցը, չէ, որ անցյալ տարի մայիսին Աստանայում այդպիսի խնդիր դրված չէր: Արդյո՞ք ԵՏՄ տարածքում միասնական արժույթ մտցնելու նախադրյալներ եւ հիմքեր կան»,-տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու հանգամանքին, այս հարցը բարձրացրեց: Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Ռուսաստանի Կենտրոնական Բանկին հանձնարարական էր տվել`ԵՏՄ միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ միասնական արժույթի համար, նախ եւ առաջ, անհրաժեշտ էր անցնել միասնական տնտեսական ինտեգրման բարձր մակարդակներ. «Այդ տարածքում գոյություն չունի ընդհանուր շուկա, իսկ առանց ընդհանուր շուկայի հնարավոր չէ անցնել միասնական արժույթի»: Տնտեսագետը չի փորձում համեմատել Եվրամիության որոշումը՝ միասնական արժույթի անցնելու, քանի որ ԵՄ-ն միասնական արժույթին անցել է համապատասխան պարամետրերը բավարարելու արդյունքում. «Առանց մակրոտնտեսական պարամետրերի բավարարման, տնտեսական որեւէ հիմք չի կարող լինել միասնական արժույթի անցնելու համար»: Տնտեսագետը, միասնական արժույթի անցնելու որոշումը բացատրում է հետեւյալ կերպ. «Այն ունի միայն քաղաքական նպատակ: Եվրասիական նախագիծը ունեցել է սկզբնական նպատակ՝ ստեղծել մեկ պետություն: Տնտեսական նպատակադրումները պետք է դիտարկել ընդամենը փափուկ քաղաքականության տեսանկյունից: Բացահայտվեց եւ պարզվեց, որ Մոսկվայի կողմից այդ Եվրասիական նախագծերը արկածախնդրություն էին եւ դրանք արդեն տապալվել են եւ, ըստ էության, Մոսկվան փորձում է անցնել ավելի կոշտ լուծման»: Ամբողջական հոդվածը` այստեղ