Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ ընդդեմ Վարդան Այվազյանի. Հետք (տեսանյութ)

Հասարակություն
58995

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը: Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր նախնական դատական լսում: Ինչպես հայտնում են Թբիլիսիի մեր գործընկերները, 15 գյուղացիներ եկել էին դատարան: Լսմանը ներկա է եղել նաև ընկերության ներկայացուցիչ վրացի փաստաբանը: Դատարանը, սակայն, անորոշ ժամկետով լսումը հետաձգել է՝ մինչև որոշում կկայացնի՝ վարույթ ընդունել կամ մերժել գյուղացիների հայցը: Տաբածղուրի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը լիճն էր, որտեղից նրանք ձուկ էին որսում և վաճառում այն շրջակա գյուղերում և մոտակա քաղաքներում: Վրաստանի մեր գործընկերների պատրաստած այս ֆիլմում գյուղացիները պատմում են, թե ինչպես է օրերից մի օր գյուղում հայտնվել Վարդան Այվազյանը և հայտարարել. «Այսօրվանից ես եմ լճի տերը»: 2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք: «Լճեր» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել աճուրդից ընդամենը 4 օր առաջ: Այդ ժամանակ ընկերության բաժնետոմսերի 90%-ը պատկանել է Վարդան Այվազյանին: 2012-ին, սակայն, Վարդան Այվազյանը վերաձևակերպել է այն իր զարմիկի՝ Արմեն Այվազյանի անվամբ, ով նաև «Լճեր» ՍՊԸ-ի տնօրենն է: Տաբածղուրի գյուղացիները պատմում են, որ Վարդան Այվազյանը ջերմ հարաբերությունների մեջ էր նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու հետ: Ավելին, նրան գյուղում տեսել են Մերաբիշվիլու և Ախալքալաքի ոստիկանապետի հետ ուտել-խմելիս: Հիշեցնենք՝ Վարդան Այվազյանը նույն ժամանակահատվածում վերաձևակերպել էր նաև Թբիլիսիում կառուցվող ձկան կենտրոնի սեփականության իրավունքը իր որդու անվամբ: Մանրամասներն՝ այստեղ