Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնապետերի փորձը՝ ամեն գնով իշխանությունը երկարաձգել, լուրջ ընդվզման է բերում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1547e795cbc0aeb32e38818f2f2ea96e

«Սահմանադրության փոփոխությունը Սերժ Սարգսյանի կողմից կատարվում է բացառապես մեկ նպատակով՝ իր իշխանությունը երրորդ ժամկետով երկարաձգելու համար: Գործող Սահմանադրությունը արգելում է երրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելը, ինչը նշանակում է, որ անգամ, եթե երկրում տեղի չունենան արտահերթ ընտրություններ, ապա 2018թ-ին  Սերժ Սարգսյանը կորցնելու է իր անձնական իշխանությունը Հայաստանում: Ուստի, այն, ինչ այժմ նա անում է, ուղղակի փորձ է հանել երրորդ ժամկետի համար սահմանադրական այդ արգելքը, և անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, որը իրեն թույլ կտա վերարտադրել իր և իր կողմից ղեկավարած Հանրապետական կուսակցության իշխանությունը»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հետ կապված նախագահի հանդիպումներին քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բոլոր նման դեպքերում, երբ բռնապետերը իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով հատուկ փորձում են Սահմանադրությունը փոխել, ապա նման փորձերի դեմ հանրությունը բավականին լուրջ ընդվզում է ցուցաբերում: «Ես չեմ կարծում, որ Հայաստանը բացառություն կդառնա այս առումով»,-ասում է պարոն Զուրաբյանը՝ հավելելով նաև, որ ՀԱԿ-ը լինելու է   Սահմանադրության նկատմամբ այդ բռնապետական ոտնձգմանը դիմակայելու դիրքերում: «Անգամ, եթե կան քաղաքական ուժեր, որոնք խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից են, եթե իրենք առողջ են դատում, ապա շատ լավ հասկանում են, որ դա չի կարող արվել կեղծված սահմանադրությամբ, դա չի կարող արվել մի ռեժիմի կողմից, որի նպատակը ոչ թե ժողովրդավարության ամրապնդումն է , այլ սեփական իշխանության վերարտադրությունը, այսինքն` խորհրդարանական կառավարման համակարգին բռնապետի սցենարով անցումը հենց այդ կառավարման համակարգի վարկաբեկմանն է ուղղված: Սա բոլորս շատ լավ հասկանում ենք, և անգամ նրանք, ովքեր սկզբունքորեն խորհրդարանական կառավարման կողմնակից են, բայց դավանում են ժողովրդավարական արժեքներին, նրանք էլ պետք է ընդվզեն Սերժ Սարգսյանի այս վերարտադրման ջանքերին»,-նշեց Լևոն Զուրաբյանը: Այս ամենից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ անկախ ներքաղաքական իրավիճակից՝ իշխանափոխության խնդիրը ՀԱԿ-ի համար շարունակում է մնալ օրակարգային: Մեր այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանը ասաց. «Օրակարգից երբևէ չի կարող դուրս գալ մի իշխանության հեռացման հարցը, որը երկիրն ամեն օր թալանում է, որի 7 տարվա պաշտոնավարման ընթացքում 300.000 մարդ արտագաղթել է, որի օրոք 1.2 միլիարդ դոլար ապօրինի ճանապարհով արտահանվում է՝ դրա համար, փաստորեն, օգտագործելով բոլոր պետական լծակները, մի իշխանություն, որը ամեն օր թուլացնում է մեր ազգային անվտանգությունը, որը քանդում է մեր տնտեսությունը՝ իր ապօրինի մաքսային և հարկային արտոնություններով և որը խեղդում է մրցակցությունն ու ավելացնում մենաշնորհը»: