Ազատամարտիկները հրաժարվում են բարձրագույն պարգեւներից (տեսանյութ)
Արցախյան ազատամարտի մասնակիցները հետ են վերադարձնում իրենց բարձրագույն պարգեւներն ու մեդալները (Արիության մեդալ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի եւ այլն) եւ միանում Ժիրայր Սեֆիլյանին։ Գարիկ Խաչատրյանն ու Արայիկ Խանդոյանը այս քայլին են գնացել՝ ի նշան բողոքի Բերձորյան դեպքերի եւ ռեժիմի կողմից շարունակվող ապազգային ու հանցավոր մյուս քայլերի. «Ես չեմ կարող անտարբեր մնալ, ես չեմ կարող լինել այն մարդկանց շարքերում, ովքեր ձեռք են բարձրացնում ազգի պաշտպանի վրա»,- ասաց ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ)։ Ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանն ասուլիսին միացել էր Սկայպով՝ Բելգիայից։ Նա անարդարությունների հետ չի համակերպվում՝ անգամ հայրենիքից շատ հեռու գտնվելով։ Երկրում տիրող բարձիթողի վիճակը նա նկարագրում է մեկ բառով՝ անիշխանություն. «Այսօրվա կառավարությունը, իշխանությունը որեւէ ազդեցություն որեւէ արժեք չունեն, կորցրել են իրենց արժեքը»,- ասում է Գարիկ Խաչատրյանը։ Վերջին մեկ շաբաթում Հայաստանում ամեն օր կատարվող սպանություններն ու դանակահարությունները չեն զարմացնում ազատամարտիկներին։ Սա նույնպես ցույց է տալիս իշխանության իրական դեմքը։ Ազատամարտիկները վստահեցնում են ՝պայքարելու են, քանի դեռ չեն պատժվել Բերձորի, մարտի 1-ի , հոկտեմբերի 27-ի ու Ավետիսյանների ընտանիքի ողբերգության մեղավորները։