Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետարանի և մանկավարժականի միջև

Հասարակություն
taron

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանում, ծանոթացել ուսանողների համար ստեղծված պայմաններին, զրուցել դասախոսների հետ: Համալսարանի ռեկտորը քաղաքապետին է ներկայացրել բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև համալսարանի թանգարան, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել փոխգործակցությունն ու իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, ինչպես նաև հայցորդների աշխատանքային ու մասնագիտական առաջընթացին: Կարևորելով համալսարանի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ: