Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց սանձել սպիտակ ձիուն

Սպորտ
4e8f83d5f048a265670d4eb57e7e1e64

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Մրցանակային տեղերի համար պայքար է մղում 18 շախմատիստ, որոնց թվում է նաեւ մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեդալ նվաճելու բոլորից շատ հնարավորություն ունի ռուսաստանցի Եվգենի Նայերը, որն այսօր հաղթելով ուկրաինացի Անտոն Կորոբովին, վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան համաքայլ ընթացող չեխ շախմատիստ Դավիդ Նավարան ոչ-ոքի խաղաց Սանան Սյուգուրովի հետ եւ կես միավորով ետ մնաց առաջատարից: Երրորդ տեղ բարձրացավ ռուսաստանցի Դենիս Խիզմատուլինը, որը հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին եւ նույնպես վաստակեց 7,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը 10-րդ տուրում սեւերով հանդիպեց ռուսաստանցի Իլյա Իլյուշենոկի հետ: Մեր շախմատիստը միջնախաղում դիրքային առավելություն ստացավ եւ մոտ էր հաղթանակի: Սակայն սպիտակները հակագրոհ կազմակերպեցին սեւերի թագավորական թեւի վրա եւ ձիով հավերժական շախ տալու հնարավորություն ստացան: Մեր շախմատիստը 27-րդ քայլից հետո ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այժմ Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր եւ բաժանում է 4-18-րդ տեղերը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա վերջին տուրում պետք է հաղթանակ տանի, իսկ մնացած մրցակիցները միանշանակ ոչ-ոքի խաղան: