«Մարիոնետկա, դրածո ՀԿ-ներն են խորհուրդ տալիս կառավարությանը». ձեռներեց (տեսանյութ)
Փոքր ու միջին ձեռնարկությունների բողոքը դեռ շարունակվում է։ «2 տարի առաջ աշխատում էինք 3,5 տոկոս շրջանառության հարկի սահմաններում և դա հարմար էր։ Իսկ հիմա կառավարությունը սահմանել է 5 տոկոս»,-ասել է «Կասեցում» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սամսոն Գրիգորյանը՝ շեշտելով, որ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Մարտի 3-ին օրենքի նոր նախագիծն է քննարկվելու է։ «Կասեցում» շարժման ակտիվիստները փորձելու են հանդիպել պատգամավորների հետ և ներկայացնել իրենց առաջարկները, որպեսզի դրանք ներառվեն օրենքի մեջ։ «Եթե ձեռներեցն առաջին եռամսյակում ձեռք է բերել 10 մլն դրամի ապրանք, որն իրեն բավական է ամբողջ տարվա ընթացքում աշխատելու համար, ու լիարժեք փաստաթղթավորված է դա արել, ներկայում այդ 10 միլիոնից շահութահարկի նվազեցում կարող է կատարել միայն առաջին եռամսյակի համար, հաջորդ եռամսյակների ընթացքում ստիպված պետք է վճարի 5 տոկոս հարկ։ Եվ հակառակը, մեկ ուրիշը, որն ավելի քիչ ապրանք է ձեռք բերել. օրինակ 5 միլիոնի, բայց տարբեր եռամսյակներում, ինքը կարողանում է ամեն եռամսյակում նվազեցնի, արդյունքում ավելի շահեկան վիճակում լինելով։ Այսինքն, այստեղ նաև անարդարության գործոն կա»,-շեշտել է «Կասեցում» շարժման ակտիվիստը։ «Վերջին 6 ամսվա իրողությունները վերլուծելով՝ ուզում ենք խնդրել Կառավարությանը, որ այսպես չլինի այլևս, որ բիզնեսմենը չթողնի իր բիզնեսը ու դուրս գա փողոց։ Թող ստեղծվի խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն բիզնեսի ներկայացուցիչները։ Այսօրվա դրությամբ տասնյակ ՀԿ-ներ ու միություններ կան, որոնք ներկայացնում են բիզնեսը, և դրանց հետ խորհրդակցելով Կառավարությունն ընդունում է օրենքներ, որոնք լրիվ աբսուրդ են դուրս գալիս բիզնեսի համար։ Թող լինեն ռեալ շահագրգիռ կողմեր, ոչ թե մարիոնետկա, դրածո ինչ- որ ՀԿ-ներ»,-նշել է պարոն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ 10.000 դոլարանոց մեքենա ներկրողի համար 5 տոկոս հարկի վճարումը բավականին մեծ թիվ է, նույնը օրինակ ոսկու շուկայում աշխատողի համար, քանի որ ամենաբարակ մատանին մոտ 200 դոլար արժե, դրա 5 տոկոսն էլ էլի մեծ գումար։ Արդյո՞ք ակտիվիստ Արտակ Խաչատրյանը կշարունակի պայքարը ձեռներեցների հետ, պարոն Գրիգորյանը նշել է. «Նա հիմա առողջությունն է վերականգնում և մենք աշխատում ենք իրեն նեղություն չտալ։ Հիմա այդ մարդն ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան մերն են։ Եվ ասեմ, որ այդ դեպքը մեզ չի վախեցրել, ընդհակառակը՝ ավելի ուժեղ ենք դարձել»։