Հայաստանի շախմատիստները քիչ հաղթանակներ տարան
Հայաստանի շախմատիստներն այնքան էլ վստահ չմեկնարկեցին Երուսաղեմում սկսված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում: Մրցումների առաջին օրը մեր 9 ներկայացուցիչներից հինգը կորցրին առաջին կես միավորները, չնայած մեծ մասի մրցակիցները բարձր կարգի շախմատիստներ չէին: Միայն Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն Արման Միքայելյանին էր դժվար ախոյան բաժին հասել՝ հանձին մեր առաջատար գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի, սակայն նա պատվով հանձնեց այդ քննությունը եւ սեւերով ոչ-ոքի խաղաց: Առաջին տուրում տրամաբանական հաղթանակներ տարան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Երկրորդ տուրում նրանց արդեն ավելի բարդ մրցակիցներ են սպասում: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցելու է բելառուսցի գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոյի հետ: Սամվել Տեր-Սահակյանին մրցակից է բաժին հասել ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովը: Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ` համապատասխանաբար Մերտ Իլմազյերլիի եւ Վահապ Սանալի հետ: Հայաստանի փոխչեմպիոն Արման Միքայելյանն այս տուրում կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովի հետ: