Այրումի բնակիչներն ու արոտավայրերը վտանգի տակ են
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուրգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի կողմից Այրումում նոր պոչամբարի կառուցման մասին՝ շեշտեց, որ պոչամբարը բազմաթիվ խնդիրների է հանգեցրել. համայնքի բնակիչները բողոքում են առողջական վիճակից։ Սա դեռ ամենը չէ. մեծ վնասներ է հասցվել տնտեսությանը, քանի որ բազմաթիվ ընտանի կենդանիներ ընկել են պոչամբարի մեջ։ «Նախատեսվող պոչամբարը ավելի մեծ է, քան նախկինը և զբաղեցնում է գյուղի բնակչության արոտավայրերը։ Այրում գյուղն առանց այն էլ ուներ արոտավայրերի խնդիր, և նույնիսկ մերձակա Ճոճկան գյուղի բնակիչներն էին իրենց անասուններին բերում Այրումի արոտավայրեր»,-ասաց նա։ Պոչամբարի կառուցման հարցում Բնապահպանության նախարարությունից ասել են, որ լինելու են ուսումնասիրություններ՝ առկա վտանգներն ու հնարավոր ռիսկերը հաշվարկելու համար։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը Բնապահպանության նախարարության այս հայտարարություններին հավատ չի ընծայում, քանի որ ըստ նրա՝ մինչ այսօր որևէ կանխարգելիչ գործողություն նրանց կողմից չի ձեռնարկվել։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ իր հերթին անդրադարձավ այն առողջական խնդիրներին, որոնք առաջացնում են պոչամբարի պոչանքները։ Նրա խոսքերով՝ օրինակ պղինձը կարող է առաջացնել լյարդի կամ երիկամների ֆունկցիաների խանգարում, ցինկը՝ հիշողության կորուստ, լսողական ապարատի հետ կապված խնդիրներ և այլն։ Նկատենք նաև, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև Բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցները, ովքեր, սակայն, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել քննարկմանը։