Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն ամեն ինչ առքուվաճառքի է դրել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
SijAOzoH3To

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին իր նախագիծը: Պարոն Փաշինյանը նախ անդրադարձավ քաղաքական վերջին իրադարձություններին՝ ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, ապա՝ հաշտեցմանը, այնուհետեւ՝ անդրադարձավ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությանը, որը Սերժ Սարգսյանը լուծարեց. «Այդ որոշումը եւս ապօրինի էր:  Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նախաքննությունն օգտագործել են իրենց քաղաքական ընդդիմախոսներին հետապնդումների ենթարկելու ու իրենց կողմից բռնազավթած իշխանությունը պահելու համար»: Նա ընդգծեց, որ իր ներկայացրած նախագծում տասը կետ է նշել, ըստ որոնց Սերժ Սարգսյանը իշխանության շարունակական բռնազավթում է արել. «Այստեղ ամփոփված չեն Սերժ Սարգսյանի բոլոր արարքները, որոնք Սահմանադրությամբ կարող են հանգեցնել նրա պաշտոնանկությանը»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ օպերատիվ արձագանքի համար քաղաքական վերջին իրադարձություններին, ապա նշեց. «Սերժ Սարգսյանի կողմից մադրիդյան սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումն առաջին փաստաթուղթն էր, որ 1994թ. զինադադարից հետո դուրս մղեց ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը բանակցություններից: Այստեղ միանշանակ է, որ տեղի է  ունեցել պետական դավաճանություն, ու վտանգի տակ է մեր ազգային անվտանգությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ պետք է հանձնվեին հայ ժողովրդին պատկանող տարածքները: Դրանից երկու տարի անց Սերժ Սարգսյանը միջազգային մամուլին տված հարցազրույցում հայտնում է, որ այո, մենք դիտավորյալ չենք բնակեցնում այդ տարածքները, քանի որ դրանք զիջելու ենք Ադրբեջանին ու թողնելու ենք միայն Լաչինի միջանցքը: Մենք հասկանում ենք, որ այդպիսով ինչ վտանգի ենք ենթարկում ՀՀ անվտանգությունը»: Տիկին Փոստանջյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ առքուվաճառքի է դրել, անգամ՝ ինքնիշխանության վաճառք, երբ հայտարարեց, որ միանում ենք ԵՏՄ-ին. «Հիմա դրված է վաճառքի ԼՂՀ-ն, դա դավաճանություն է: Ինչո՞ւ չեք ներառել այդ հարցը, քանի որ Ադրբեջանն արդեն բանակցություններ է վարում, որ մտնի ԵՏՄ ու ԼՂՀ-ն այս առեւտրի էպիկենտրոնում է գտնվում»: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ նախագահի 2013թ. ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ է ընդամենը Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ պարոն Փաշինյանը չի ներառել այդ հարցը իր նախագծում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստաթղթում աշխատել է ներառել այնպիսի կետեր, որոնք կարող ենք ներկայացնել ցանկացած ատյան. «Այո, ես կարծում եմ 2013թ. ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն ՍԴ-ն այդ ընտրությունների մասին ունի որոշում, որը ՀՀ օրենքներով անփոփոխ է»: