Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հարցին ուղիղ չպատասխանեց (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed24

Մեզ համար շատ մտահոգիչ է հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող բռնությունները:  Այսօր Երեւանում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: Նախապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի նստավայրից ԱՄՆ դեսպանատուն լրագրողների հետ հանդիպմանը շտապած տիկին Նուլանդը կարող է պատասխանել միայն երկու հարցի: Հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանում նրա արած հայտարարությանը, թե ՀՀ-ն պետք է հետ վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներին: Վիկտորյա Նուլանդը մասնավորապես նշեց. «Մենք ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, լինեն Մինսկի խմբի շրջանակներում ուղղակի բանակցություններ: Ես խոսել եմ երկու երկրների նախագահների հետ՝ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: Երկու մայրաքաղաքներում էլ այս այցի ընթացքում մենք առաջընթաց ունեցանք ու առաջիկա շաբաթներին կլինի խաղաղություն ի շահ բոլոր զինծառայողների ու նրանց ծնողների, տարածաշրջանում՝ կայունության: Սոսկալի հանցանքը, որ տեղի էր ունեցել, անշուշտ հանցագործություն է, բայց դրա հետ մեկտեղ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին՝ կատարել մարդկային հումանիտար այդ ժեստը»: Մինչ ՀՀ գալը տիկին Նուլանդը եղել է Ադրբեջանում եւ Վրաստանում: ՀՀ-ում նա հասցրել է հանդիպել Սերժ Սարգսյանի, արտգործնախարարի, քաղաքացիական ակտիվիստների հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա գոհ էր այցելության արդյունքներից. «ԱՄՆ-ն մտահոգ է ու կարեւորում է իր գործընկերությունը ՀՀ-ի հետ: Մենք այսօր խոսել ենք տարածաշրջանային խնդիրների, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Զրուցեցինք նաեւ անվտանգության հակակոռուպցիոն հարցերի շուրջ: Մենք շնորհակալություն հայտնեցինք ՀՀ Կառավարությանը, որ Սիրիայից եկած փախստականներին օգնություն ցուցաբերվեց»: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՀՀ-ի հետ մի շարք ոլորտներում,  ձեռներեցության համար լավ միջավայր ստեղծելու, ՏՏ ոլորտի հետ, կեղտոտ փողերի համար տարածքի փակման ուղղությամբ, բոլոր ներդրողների համար հավասար պայմանների ապահովում, որը, ըստ նրա, նաեւ կփակեր տնտեսության համար արտաքին ազդեցությունների ճանապարհը: Տիկին Նուլանդը հայտարարեց, որ ՀՀ-ի կենսունակ քաղաքացիական հասարակության գոյությունն ամենամեծ ձեռքբերումն է: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ԱԺ օրակարգից արձանագրությունների հետ կանչելուն, ապա նա նշեց, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ որպես կարեւորագույն հարց. «Մենք խթանելու ենք կարգավորման ջանքերը եւ լավ է, որ ՀՀ-ն դուրս չի եկել կարգավորման գործընթացից ու այն կարող է շարունակվել: Այսօր Հուշահամալիրում ես հուզիչ պահեր եմ ունեցել»: