Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես էր կատակում ու սիրում Մհեր Մկրտչյանը. «Չտեսնված Մհեր» (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
zaven

Լույս է տեսել մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Չտեսնված Մհեր» եռալեզու գիրքը։ Այստեղ զետեղված են դերասանի երկու հարյուրից ավելի, մինչև այժմ երբևէ չհրապարակված անձնական լուսանկարներ՝ կարճ տեղեկություններով։ «Գրքի անվան մեջ չտեսնված բառն այն իմաստով է, որ մինչև այժմ մարդիկ չեն տեսել այդ նկարները։ Բացի այդ՝ Ֆրունզիկն այն դերասանն էր, ում կարելի է միանշանակ անվանել չտեսնված»,-նշել է Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ Նա շեշտել է, որ դերասանի կենդանության օրոք և դրանից հետո որոշ գրքեր գրվել են նրա մասին, բայց դրանց մեծ մասում փաստերն աղավաղված են։ Դրա պատճառը համարում է այն, որ երկրում թատերագետ չկա, թատրոն հասկացող չկա, դրա համար էլ Մհեր Մկրտչյանի, նրա խաղի ու տեսակի մասին, որպես արտիստ-ֆենոմենի մասին արժեքավոր նյութեր գրեթե չկան։ «Այս գրքում ես ներկայացրել եմ այն Մհերին, որին հանդիսատեսը չի ճանաչում. ինչպես կարող էր կատակել, սիրել, անակնկալ մատուցել։ Կարող եմ ասել, որ համարձակ ու անկեղծ եմ եղել»,-պատմել է տիկին Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հանդիսատեսը Մհերին գիտի որպես դերասան, ով աշխարհին ծիծաղեցնում էր, բայց ինքը լացում էր, ալկոհոլի հանդեպ անտարբեր չէր, խեղճ էր։ Բայց ինքը ցանկանում է, որ անվանի դերասանին բացահայտեն նոր կողմից։ Իր հաջորդ գրքում տիկին Հովհաննիսյանը գրելու է այն մասին, թե որն է ճիշտը՝ դերասանին Մհեր, թե Ֆրունզիկ կոչել։ Գրքի արարմանը մասնակից է եղել նաև կինոքննադատ Զավեն Բոյաջյանը։ «Ինձ համար գիրքը բացառիկ է ու յուրահատուկ»,-շեշտել է նա։ Նրա խոսքով՝ գրքում 80-ականներից մինչև դերասանի կյանքի վերջը՝ 1993 թվականը եղած նկարներն են։ «Չտեսնված Մհեր» գիրք-ալբոմը լույս է տեսել «Անտարես» մեդիա հոլդինգի միջոցներով, առանց հովանավորների։ «Գրքի ծնունդը երեխայի ծննդի նման է»,-նշել է մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Ինչպես ծխախոտն ու ալկոհոլն են հաճելի, բայց սպանիչ, այնպես էլ Թամարի և Զավենի հետ աշխատանքն էր»,-կեսկատակ նշել է պարոն Մարտիրոսյանը։