Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։ Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։ Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին։ Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորեց 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։ Անդրադարձ կատարվեց հայ-սերբական դինամիկ զարգացող հարաբերություններին և դրանց առավել ընդլայնմանն ուղղված քայլերին։ Էդվարդ Նալբանդյանը Իվիցա Դաչիչին հրավիրեց այցելել Հայաստան։