Պատրիկ Հիկեն հաստատում է Հայաստանի ներկայությունը Բաքվում
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայտարարել է, որ 2015 թվականի Եվրոպական առաջին խաղերին մասնակցելու են նաեւ Հայաստանի պատվիրակները: «Կոմիտեի անդամ 50 երկրների մարզիկներն էլ մասնակցելու են Ադրբեջանում նախատեսված Եվրոխաղերին, այդ թվում նաեւ՝ Հայաստանը», - Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում միանշանակ ասել է բարձրաստիճան սպորտային պաշտոնյան: «Բաքու-2015»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Սայմոն Կլեգն իր հերթին հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ, թե քանի մարզիկ կմասնակցի Հայաստանից: «Մենք բանակցություններ ենք վարում բոլոր երկրների օլիմպիական կոմիտեների հետ՝ կապված մասնակիցների թվի եւ նրանց տեղավորման հետ: Որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առնելու բազմաթիվ գործոններ», - ասել է Սայմոն Կլեգը: Հավելենք, որ Եվրոպական առաջին խաղերը կայանալու են այս տարվա հունիսի 12-28-ը Բաքվում: 17 օրվա ընթացքում Եվրոպայի 50 երկրների մոտ 7200 մարզիկ-մարզուհիներ իրենց ուժերը կփորձեն 20 մարզաձեւերում, որոնցից 16-ը օլիմպիական ձեւեր են, իսկ չորսը՝ ոչ օլիմպիական: