«Կեղծարարները փորձում են անվանարկել Ստեփան Շահումյանին» (տեսանյութ)
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը» երկհատորյա գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ Վլադիմիր Պետրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է, որ 2012թ-ին Ադրբեջանում հրապարակվել է մի գիրք Իսմայիլով անվամբ հեղինակի կողմից, ով փորձում էր Ստեփան Շահումյանին վարկաբեկել՝ նրան ներկայացնելով ադրբեջանցիների ցեղասպանության կազմակերպիչ։ «Ցավոք սրտի Իսմայիլովը և նրա համախոհները մենակ չէին, մեզ մոտ ՝ Հայաստանում, նույնպես գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին ձայնակցել նրանց և անվանարկել Շահումյանին, նույնիսկ առաջարկեցին քանդել նրա արձանը և մոռանալ նրա մասին։ Եվ ես որոշեցի ցույց տալ, որ այդ ստահակները շատ հեռու են պատմությունից և ըստ արժանվույն գնահատել Ստեփան Շահումյանին ։ Նա մեծություն է և իսկական ազգային գործիչ։ Մեր պատմության մեջ առաջինը Հայաստանի անկախության մասին խոսել է հենց Ստեփան Շահումյանը և պայքարել է դրա համար»,-ասաց Վլադիմիր Պետրոսյանը։ Վերջինս նաև նշում է, որ գիրքը գրելու համար իրենից պահանջվել է մեկուկես տարի։ Հեղինակի խոսքերով՝ այս կերպ ինքը ցույց է տվել, որ ցանկացած ազգային գործիչ իր դավանած որևէ քաղաքական հայացքը պետք է օգտագործի ի նպաստ իր ժողովրդի , նրա բարեկեցության՝ այ այդպիսի էր Ստեփան Շահումյանը, և եթե նա կենդանի լիներ , մենք հնարավոր է, որ շատ ավելի լավ վիճակի մեջ լինեինք։ Անդրադառնալով նաև այն փաստին, որ շուրջ 25 տարի Ստեփան Շահումյանի մասին չի եղել գրված որևէ գիրք, Վլադիմիր Պետրոսյանը նշում է. «Եղել են հեռուստատեսային ելույթներ, մամուլում հրապարակումներ, որոնք ամեն կերպ աշխատել են անվանարկել Ստեփան Շահումյանին , նրան նույնիսկ ներկայացրել են որպես հայ ժողովրդի թշնամի, սակայն այդ ամենը գիտենք, որ կեղծ է, և նման մարդիկ պարզապես կրկնում են ադրբեջանցի ստահակների ասածը։ Ի՞նչ կապ կա մեր ընտանի կեղծարարների և ադրբեջանցի կեղծարարների մեջ՝ Ստեփան Շահումյանի անձը և դերը գնահատելու հարցում , ես դա թողել եմ ընթերցողի դատին»։ Գիրքը լույս է տեսել 2013թ-ի վերջերին։ «Շատ կուզենայի, որ թարգմանվեր նաև ռուսերեն, սակայն դրա հնարավորությունը չունեմ»,-ասաց հեղինակը։