Լեւոն Արոնյանը չկարողացավ կոտրել Իվանչուկին
Հոլանդական Վեյք ան Զեեում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում, այսօր կայացան 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Վասիլի Իվանչուկի հետ: Մեր շախմատիստը հերթական անգամ անվստահ սկսեց պարտիան եւ չկարողացավ առավելություն ստանալ: Միջնախաղում Լեւոն Արոնյանը համեմատաբար ակտիվացավ, սակայն ուկրաինացի շախմատիստը համարժեք փոխանակումների օգնությամբ պահպանեց հավասարակշռությունը: Արդյունքում, 38-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր եւ հավասարվեց 8-9-րդ տեղերը կիսող Թեյմուր Ռաջաբովին ու Ռադոսլավ Վոյտաշեկին, որոնք, սակայն, դեռ շարունակում են իրենց պարտիաները: Վաղը կայանալիք 12-րդ տուրում մեր շախմատիստը ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ, ով 6,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: