«Կարո՞ղ էր արդյոք կասկածյալը միայնակ ոչնչացնել այդքան մարդու»
ԱԺ լսումներին այսօր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, խոսելով Գյումրիի ոճրագործությունից, նշեց. «Սատանի պտուղը, որ ոչնչացրեց ամբողջ ընտանիքը, պետք է կրի ամենախստագույն պատիժը, որն ամրագրված է օրենքներով ու միջազգային պայմանագրերով: Աստծո պատիժը գալու է բոլոր մեղավորների գլխին, դրանում կասկած չունեմ»: Այնուհետ նա հարց ուղղեց Գլխավոր դատախազին՝ ասելով. «Կարո՞ղ էր արդյոք կասկածյալը միայնակ, երեսուն փամփուշտ արձակելով ոչնչացնել այդքան մարդու»: ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ նրա հարցադրումը կարող է պատասխան տալ մի պարզ քննչական գործողություն. «Գործնականում դա ի վիճակի էր անել: Կարո՞ղ էին լինել նաեւ այլ հանցակիցներ: Ամբողջ քննչական գործողության ընթացքում այդ հարցերի պատասխանն ենք ձգտելու տալ»: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հարցադրման մեջ ընդգծեց, որ դատախազը փաստացի մի շարք հարցերի չի պատասխանում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը. «Սակայն շատ պատասխաններ արդեն գոյություն ունեին, հատկապես դրանք նշված էին հայ-ռուսական պայմանագրերով: Արդյոք ռուս սահմանապահները պարտավոր էին ՀՀ իշխանություններին տեղյակ պահել սահմանախախտի մասին: Եթե պարտավոր էին, հայտնե՞լ են արդյոք, թե ոչ»: Այնուհետեւ, նա հիշեցրեց Սյունիքի դեպքը, երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ավտոմեքենան ու սկսել խուզարկել, մինչդեռ նույն ոստիկանները չեն կագնեցրել Վալերի Պերմյակովին տանող մեքենան: Գեւորգ Կոստանյանը դրական պատասխան տվեց: