Ո՞վ է կանգնած գողության հետեւում. հացադուլը շարունակվում է (տեսանյութ)
30 ժամից ավել նախագահականի մոտ հացադուլ անող քաղաքացիներին որեւէ պաշտոնյա չի մոտեցել։ Դատապարտյալ Աշոտ Առուշանյանի հարազատները հայտարարում են, թե նա անհիմն է հայտնվել անազատության մեջ։ Եւ իրենց հիմնավորումը փորձում են հասցնել Սերժ Սարգսյանին՝ ծայրահեղ այս քայլին դիմելով։ «Սա հրահանգ է, չգտնվեց որեւէ մեկը այդ դատավորների մեջ, որ քաջ լիներ, որ Աշոտին ազատեին»,- ասում է Աշոտ Առուշանյանի հորաքույրը՝ Մարիա Առուշանյանը։ Հացադուլ հայտարարած 12 քաղաքացիների ինքնազգացողությունը դեռ նորմալ էր։ Բայց թե ինչքան նրանք կարող են ֆիզիկապես դիմանալ, պարզ չէ։ «Եթե հետագա սրացումներ լինի, ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանությունների վրա»,- ավելացնում է Անահիտ Առուշանյանը HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանը մեղադրվում է 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու համար։ Գումարը հափշտակվել է «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից։ Հարազատները համոզված են, որ Աշոտը դեպքի հետ ընդհանրապես կապ չունի, այս գործում պարզապես զոհ է եւ արդեն 3 տարի անհիմն է գտնվում անազատության մեջ։