«Ժողովրդավարական համակարգում լրագրողի ազատազրկումն իր գրածի համար անընդունելի է»
Այսօր ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է լրագրող Տոմիսլավ Կեզարովսկու ձերբակալության փաստը, ով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման Սկոպյեի (Մակեդոնիա) Վերաքննիչ դատարանի կողմից։ «Անընդունելի է, որ Կեզարովսկին զրկվել է ազատությունից,- ասել է Միյատովիչը,- ես միշտ գնահատել և կարևորել եմ օրենքի գերակայությունը և դատական մարմինների աշխատանքը, բայց անցյալ գիշերվա անսպասելի ձերբակալությունը շատ ցավալի փաստ է»։ Հինգ ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո Կեզարովսկին դատապարտվել է 2013 թվականի հոկտեմբերին հոդվածի համար, որը գրել է 2008 թվականին «Թղթակից 92» ամսագրի համար, որտեղ նա իբրև թե բացահայտել է սպանության դեպքի առիթով վկայություն տված անձի ինքնությունը։ Դրանից հետո նա գտնվել է տնային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը 4,5 տարվա ազատազրկումը նվազեցրել է մինչև 2 տարվա ազատազրկման. Հունվարի 16-ի երեկոյան ոստիկանությունը կալանավորեց Կեզարովսկուն։ «Ժողովրդավարական համակարգում լրագրողի ազատազրկումն իր ասածի կամ գրածի համար անընդունելի է։ Կեզարովսկու ձերբակալությունը կարող է սպառնալ լրատվամիջոցների ազատությանը,- ասել է Միյատովիչը։-Ժամանակն է, որ իշխանությունները մեղմացնեն լրատվամիջոցների վրա ճնշումը, հարգեն ազատ և քննադատական կարծիքները։ Կեզարովսկին պետք է անմիջապես ազատ արձակվի»։