ԴԱՀԿ-ն գրոհում է մեքենա չունեցողների ուղղությամբ (տեսանյութ)
Մի քանի ամիս առաջ սրտի կաթված տարած Արմեն Ավագյանին իր հաշմանդամության առաջին իսկ թոշակն ստանալիս նոր հարված էր սպասվում՝ 30 հազար դրամ թոշակից 10 հազարն ուղղակի պահել են։ Թոշակառուն գնացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն եւ այնտեղ տեղեկացել, որ ինքն ունի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որով բազմաթիվ խախտումներ է կատարել Մարդն ասել է՝ ես նույնիսկ խորհրդային ամենահին մակնիշի ավտոմեքենա չունեմ եւ չեմ ունեցել, ունեմ ի ծնե հաշմանդամ որդի, ինքս էլ հաշմանդամ եմ։ Բայց դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Սա էլ ԴԱՀԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցներին չի հետաքրքրել։ Հաշմանդամ քաղաքացին անձամբ գնացել է Պետավտոտեսչություն։ Պետավտոտեսուչները կարգին ծիծաղել են։ Ի վերջո մարդը զանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ասել է առողջություն չունեմ քայլելու, եկեք, դիմում գրեմ տամ։ Բարեհամբույր պատասխանել են՝ արի, դիմում գրիր Մարդու իրավունքների պաշտպանի անունով։ Փաստն այն է, որ այս մարդն իր տան մեջ ավելացրել է Քրիստոսի նկարների թիվը եւ նույնիսկ գնել «Հրաշագործը» գիրքը։ Առայժմ ոչինչ չի օգնում։ Ամեն ամիս ԴԱՀԿ-ն նրա թոշակից բռնագանձում է 10 հազար դրամ։