Ազատ ոճի ըմբիշները կընտրվեն առանձին առաջնություններում
Հունվարի 20-22-ը Երեւանի խուլ-համրերի մարզապալատում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը: «Այս տարի առաջին անգամ մասնակցելու ենք մարտի վերջին Լեհաստանում կայանալիք մինչեւ 23 տարեկանների եվրոպական ստուգատեսին, ուստի Հայաստանի առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված մարզիկները կմիանան մեծահասակների հավաքականին եւ հունվարի վերջից երկշաբաթյա հավաք կանցկացնեն Ծաղկաձորում», - նշել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կայանալու է ապրիլ ամսին: Իսկ ահա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությանը մասնակցել հունվարի 28-30-ը Վանաձորում կայանալիք մեծահասակների Հայաստանի առաջնության արդյունքներով կազմված թիմով: